ների բաժիններ: Հատորին կցված են նաև Մեծարենցի կյանքի ու ստեղծագործության համառոտ տարեգրությունը և բարբառային ու գրաբար դժվարհասկանալի բառերի բառարան:
Ժողովածուն բովանդակում է հեղինակի ցարդ հայտնի բոլոր երկերը՝ հետևյալ հաջորդականությամբ. ա) տաղեր («Բաբախումներ», «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները: Սրանցից դուրս մնացած քերթվածները զետեղված են «Այլ բանաստեղծություններ» և «Պատառիկներ» ենթաբաժիններում), բ) արձակ էջեր, գ) հոդվածներ, դ) նամակներ, ե) թարգմանություններ և փոխադրություններ։
Բնագրերը պատրաստված են հետևյալ սկզբունքով.
1. Նյութերը դասավորված են ժանրային-ժամանակագրական կարգով: Սա չի վերաբերում ժողովածուների բանաստեղծություններին, որոնք ներկայացված են հեղինակի նախընտրած հաջորդականությամբ: Երբ հնարավոր չի եղել պարզել որևէ ստեղծագործության գրության ստույգ ժամանակը, հիմք է ընդունվել Մեծարենցի հրատարակած բնագրի տարեթիվը: Ետմահու լույս տեսած երեք քերթված, որոնց գրության տարեթիվը հայտնի չէ, առանձնացված են «Անթվակիր տաղեր» խորագրի տակ:
2. Բնագրերում թույլ չի տրվել որևէ սկզբունքային միջամտություն: Առանձին բառերի լրացումներն առնված են ուղղանկյուն ([]) փակագծերում, իսկ ենթադրաբար վերականգնվածները` սուրանկյուն (<>) փակագծերում: Հեղինակային ծանոթագրությունները դիտված են որպես բնագրի մաս և ցույց են տրվում տողատակին: Պահպանված են նաև գրության տարեթվին, տեղին վերաբերող կամ այլ կարգի հեղինակային նշումները:
3. Մինչև «Նոր տաղեր» ժողովածուն Մեծարենցն իր բանաստեղծությունները գրել է սովորական ձևով՝ յուրաքանչյուր տող սկսելով գլխատառով: Միայն հիշյալ ժողովածուում և դրանից հետո տպագրված մի քանի քերթվածներում նա տողի սկզբում գլխատառն օգտագործել է ըստ անհրաժեշտության և հոդվածներից մեկում հիմնավորել այդպիսի մոտեցումը: Չնայած դրան, նպատակահարմար է դիտվել միօրինակության նկատառումով բոլոր բանաստեղծությունները հրատարակել գլխատառով սկսվող տողերով:
4. Ըստ հնարավորին պահպանված են արևմտահայերենի ուղղագրության և կետադրության առանձնահատկությունները.
ա. կը(կու) եղանակիչը անջատ է գրվում բաղաձայնով սկսվող բա-