Jump to content

Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցույց տալիս երկրի ներկա վիճակը՝ նրա մեջ հայրենաբաղձության հուրը արծարծելու ակնկայությամբ։

1855 թ, Կ. Պոլսում Խրիմյանն սկսեց հրատարակել «Արծուի Վասպուրական» հանդեսը, որ երեք տարի անց փոխադրեց Վարագ։ Դա եղավ առաջին պարբերական հրատարակությունը հայրենի երկրում։ Հանդեսին աշխատակցում էին գլխավորապես նրա հիմնած Ժառանգավորաց դպրոցի սաները՝ Գարեգին Սրվանձտյանցը, Արսեն Թոխմախյանը և ուրիշներ։ 1860-ին այցելելով Կովկաս՝ Խրիմյանը հանգանակություն կազմակերպեց, որի միջոցները տրամադրվեցին դպրոցի և հանդեսի բարգավաճմանը։ Երկու տարի անց նա Տարոնի առաջնորդն էր, սուրբ Կարապետի վանահայրը։

1869 թ. Հայրիկն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք, մնալով միշտ անհաշտ պայքարող հարստահարության, անարդարությունների, խավարի դեմ։ Հինգ տարի մնաց Պոլսում, հրաժարվեց պատրիարքությունից ։ «Պիտի դառնամ հայրենիքս, մի նամակում գրել է նա,— լռեմ, բերանս հողին տամ, թուղթ ու գրիչ սիրեմ. վասն զի փորձառությամբ հասկցա, որ այս աշխարհին մեջ մարդ մեծ պաշտոնի գլուխ անցնելով կարող չէ այնպես մեծագործել, ինչպես յուր և ազդին փափագն է»։

Ծավալելով լուսավորական լայն գործունեություն Խրիմյանն իր դեմ լարեց խավարամիտ հոգևորականներին, որոնք զանազան զրպարտություններ էին տարածում նրա հասցեին։ Այսպիսի դժվարություններ հաղթահարելու համար գործչին անհրաժեշտ էր անկոտրում կամք, կորով ու հոգեկան վիթխարի լարում, սեփական գործի արդարացիոլթյան հստակ գիտակցություն։ Իսկ Խրիմյանը լի էր ավյունով, ուներ իրատես ու խորաթափանց հայացք, խորապես հավատում էր մարդկային բանականության, արդարության հաղթանակին, զերծ էր հոռետեսությունից։ ԺԹ դարի հայ իրականության մի ուրիշ մեծ դեմք Րաֆֆին Խրիմյանին նվիրված բանաստեղծության մեջ դիպուկ բնութագրել է այս ամենը.

Եվ նրա ազնիվ ճգանց փոխարեն
Տգետը փշյա պսակ է հյուսում.
Իսկ նա լի հուսով լուր սերմն է ցանում
Եվ ապագայում հունձքի սպասում: