Մարգարիտան նստած էր այդտեղ մեն մենակ և լրագիր էր կարդում: Դահլիճի մեջ թնդացող երաժշտությունը, պարողների ուրախ և զվարթ ձայները, յուր շրջապատում տիրապետող անսովոր շարժումը կարծես նրա վերա ոչինչ ազդեցություն չէին անում, նա խորասուզված յուր ընթերցանության մեջ մինչև անգամ իմ յուր մոտ մտնելս էլ չիմացավ:
Երկար ես նայում էի. նայում էի և հիանում: Կանթեղի լույսը ընկել էր նրա վերա և կիսով չափ լուսավորել նրա դեմքը, այնպես որ մյուս կեսը մնում էր ստվերի մեջ: Այս դրությամբ նրա պրոֆիլը նմանում էր մի գեղեցիկ մարմարիոնե արձանի, որով հանճարեղ քանդակագործը պատկերացնում է մարդկության բարերար աստվածուհիներից մինին այն վայրկյանում, երբ նա մոլորյալ հոգիների հանցանաց գիրքը քրքրելով՝ ճգնում է գտնել իրավունքի մի ճանապարհ, որով նրանց անիրավ ճակատագիրը ջնջել կարողանա:
«Ահա՛ ա'յն կինը, որին ես երազում էի» մտածեցի ինքս ինձ. և հուշիկ մոտեցա գեղեցիկ օրիորդին: Նա գլուխը վեր բարձրացրեց և ժպտաց:
Դուք չե՞ք բարկանում, որ ես խանգարում եմ ձեր մենավոր զբաղմունքը, — ասացի ես՝ պարզելով ձեռքս դեպի նրան:
— Բոլորովին ո՛չ, — պատասխանեց նա և քնքշաբար սեղմեց իմ ձեռքը:
— Այս անգամ ես դարձյալ անորո՛շ գաղափար ունիմ ձեր մասին, օրիորդ, դուք ինձ և՛ հիացնում, և՛ զարմացնում եք...
— Հիացումը թողեք, — ընդհատեց նա, — զարմացման մասին խոսեցեք: Ինչու՞ համար եք զարմանում:
— Եվ մի՞թե դուք դեռ կարոտում եք իմ բացատրությանը: Տեսնում եք, այստեղ պարահանդես է. երաժշտություն է որոտում, ձեր սեռի ներկայացուցիչները նախանձ են բերում աստվածուհիներին, ասպետները նրանց հաճոյանալու համար շահատակում են աջ ու ձախ, ամեն տեղ ուրախություն, ամեն կողմ հրճվանք... և դուք ի՞նչ եք անում, աստվա՜ծ իմ, դուք միանձնուհվո դեր եք կատարում այստեղ: