Այս խոսքի վերա Մարգարիտան մեղմով ժպտաց և շարժեց գլուխը:
— Ահա՛ թե ինչու համար ես միայնակ էի մինչև այսօր և միայնակ պիտի մնամ երևի մինչև վերջը, — խոսեց նա տխրությամբ։ — Դուք էլ նույնն եք անում ինձ, ինչ որ ուրիշ շատերը։ Ցավալի է: Մինչև այսօր լսած քարոզներս ինձ վերա տխուր տպավորություն չեն արել. ես ներել եմ բոլորին բայց ձեր խոսածները այդ տպավորությունը արին։ Որովհետև ես սպասում էի ձեզանից ավելին, ես սպասում էի, որ դուք ուրիշներին չնմանեք. բայց երևի ես եմ մոլորվածը և ես պետք է զիջանեմ իմ քարոզներին...
— Մի՞թե դուք վշտացաք իմ խոսքերից, օրիորդ, — հարցրի ես անհանգստությամբ։
— Այո', ես վշտացա. դուք իմ վարմունքը տարօրինակ եք գտնում, որովհետև ես պարահանդեսը թողած ընթերցանությամբ եմ ժամանակ անցկացնում, որովհետև ես ասպետների գրկերից փախչելով՝ այստեղ միանձնուհվո դեր եմ կատարում... Այո՛, պարոն, այդ խոսքերով դուք ինձ վիրավորում եք... Բայց ինչ որ ես անում եմ, գիտակցաբար և խոր համոզմունքով եմ անում։ ճշմարիտ է, ես այս րոպեին նստած եմ միևնույն տանը, ուր երաժշտությունը որոտում և պարերը պտտվում են։ Բայց այստեղ ինձ բերել է իմ մայրը, ես չեմ կարողանում ընդդիմանալ նրա թախանձանացը։ Նա կամենում է ինձ զոռով զվարճացնել, և ես հնազանդվում եմ նրա մայրական խանդակաթ սիրտը չվիրավորելու համար: Քանի որ նա ինձ գաղափարակից չէ, ես ճնշում եմ իմ սիրտը, որպեսզի նա հավատալով, թե ինձ ուրախացնում է, ինքը ևս ուրախանա, ապա թե ոչ պարահանդեսները ինձ զվարճություն չեն պատճառում. այն զբոսանքները, որոնց մեջ կինը միայն հաճության աղջիկն է, ես ատելով ատում եմ. ես կամենում եմ, որ իմ սեռը հարգված մնա գոնե իմ մեջ... Եվ վերջապես ինչ զվարճություն կարող է պատճառել ինձ այդ րոպեական խելագարությունը, եթե նա մինչև անգամ նույն ինքը երջանկությունը լիներ։
— Իմ խոսածներս կատակ էին, օրի՛րդ,— պատասխանեցի ես,— այս րոպեին դուք իմ համոզմանց և