Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արժանացել է սրբազան պապի ոտերը համբուրելու և դրանով դժոխոց տանջանքներից ազատվելու: Այնպիսի դեպքերում, որպիսին հորս տեղացի հայադավանների հետ բարեկամություն անելն է, պատեր-Սիմոնը յուր նախորդին չէ հետևում: Նա ավելի ներողամիտ և համբերող է, որովհետև համոզված է,որ այդպիսի անվնասակար դիպվածներում կոպիտ բռնությունը կարող է ապստամբեցնել յուր հպատակներին: Բայց հիմնական և ծանրակշիռ գործերում նա անողոքելի է: Տեսնո՞ւմ եք նա Սերովբյանի մեջ նկատել էր մի գրական թշնամի, մի մարդ, որի վարդապետությունը հիմն ի վեր կործանում այն զորավոր սյուները, որոնց վերա բարձրացած է պապական գերիշխանությունը, այդ պատճառով նա նրան հալածեց և հալածեց անողորմաբար: Այժմ միևնույն զորավոր թշնամին նա ձեր անձնավորության մեջ է տեսնում, բայց այս անգամ բոլորովին տարբեր պատճառներով: Նրա սրատես աչքերից չէին կարող ծածկվիլ մեր միմյանց ուղղած հայրացքները. և ահա յուր Կլեմեսի միջոցով լրտեսել է իմ հետքերը պարահանդեսի ժամանակ. նա լավ ապացույց է ձեռք բերել ձեզ մեր տանից հեռացնելու համար: Բայց նա դրանով չի բավականանալ: Նա Լոյոյայի ամենաճարպիկ աշակերտներից մինն է, և ճիշտ կարողացել է գուշակել՝ թե ի՞նչ ելք կունենա մեր երկուսի մտերմական հարաբերությունները: Այդ պատճառով նա կուսումնասիրե ձեր բնավորությունը, կծանոթանա ձեր դիտումներին, կլրտեսե ամեն տեղ ձեր հետքերը. և անհերքելի ապացույցները ձեռքին կսկսե յուր հալածանքը. ոչ միայն ձեր այլ և քրոջդ ընտանիքի դեմ: Եվ որովհետև ես վճռել եմ այլևս չթաքցնել ձեզանից իմ զգացմունքները, որպեսզի անտեղի զգուշությամբ վտանգների մեջ չգլորվիմ, ուստի բացարձակապես խոստովանում եմ, որ դուք, Արամ, արդեն իշխում եք իմ հոգվո վերա և որ իմ սիրտը. կատարելապես պատկանում է ձեզ...

Այս խոսքի վերն նա քնքշաբար պարզեց ինձ յուր ձեռը և ես ծնկի վերա գալով ջերմությամբ համբուրեցի նրան:

—Այժմ լսեցեք, — ասաց նա, բարձրացնելով ինձ, — դուք պետք է ներեք իմ սառն վարմունքը դեպի ձեզ, մի քանի դեպքերում, Մենք աղջիկներս առհասարակ ավելի շուտ ենք