Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրավում և ավելի շուտ հավատում: Այդ մարդիկ միշտ ի չարն են դնում մեր անմեղ վստահությունը, այդ պատճառով և մենք միշտ ավելի ենք տուժում:

Չի պիտի զարմանաք ուրեմն, որ այս ճշմարիտ գիտակցության հասած մի անձն հեշտությամբ չէ կարողացել հավատալ առաջին պատահողին, մանավանդ որ մեր դարում ազնվություն կեղծելը և հավարարմություն խոստանալը՝ հասարակ քաղաքավարության կարգն է անցել: Ես խոստովանում եմ, որ դեռ դողում եմ այսքան հապճեպ ձեզ իմ սիրտը բանալով, բայց մի կողմից իմ անկեղծ սերը և մյուս կողմից պատեր-Սիմոնի ձեզ համար լարած մեքենայությանց մոտալուտ վտանգը, ինձ ստիպեցին շտապեցնել իմ խոստովանությունը … Ես ասացի ձեզ բոլորը. ես հանձնեցի ձեզ իմ սիրտը և նրա հետ էլ իմ բախտը և պատիվը: Արեք նրանց հետ ինչ կամենում եք, բայց ի սեր երիտասարդության պատվույն, մի ավելացնեք կնոջ հավատը կործանող անարժան ուխտադրուժների թիվը …

Մարգարիտայի այս խոսքերը բոցավառ կայծակների նման տանջում էին իմ սիրտը. բայց ես հնար չունեի պատառել նրան և ցույց տալ իմ աստվածուհվույն այն սրբազան կրակը, որ հրդեհում էր նրա մեջ:

—Մարգարիտա, — բացականչեցի ես,— եթե երբևիցե այս սիրտը մոլորվելու լինի, հավատա ինձ,որ ես կխլեմ նրան իմ կրծքից, որպեսզի մինչև իմ վերջին շունչը օտար կրակով չպղծվի այն սեղանը, որի վերա Մարգարիտա երկրպագվեցավ…

—Ոչինչ կասկած էլ չէ վրդովում իմ սիրտը, Արամ, — հաստատուն ձայնով խոսեց Մարգարիտան, — դու ինձ սիրում ես, ես հավատում եմ, ինչպես հավատում եմ աստուծո գոյության: Այժմ մտածենք մեր ապագա երջանկության վերա: Գնա՛ դու այստեղից և միջոցներ որոնի՛ր ամենից առաջ պատեր-Սիմոնի թակարդների մեջ չընկնելու, վաստակիր մինչև անգամ նրա բարեկամությունը, եթե կարող ես այդ անել առանց ազնվության դեմ մեղանչելու: Ես մինչև մահվանս շունչը քեզ հավատարիմ եմ:

—Երբ դու ինձ հետ ես, Մարգարիտա, ինձ չեն կարող