Էջ:Muratsan, vol. 1.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաղթահարել ո՛չ պատեր֊Սիմոնի և ո՛չ եզվիտների ամբողջ լեգեոնի մեքենայությունները։ Ես կապրեմ քեզ համար և կմեռնիմ միայն քեզ համար, այս հաստատ է,— պատասխանեցի ես։

Այս խոսքերից հետ մենք բաժանվեցանք։

Սանդուղքներից իջնելու ժամանակ Մարգարիտան ժպտալով ասաց.

— Ես այնպես գրավվեցա իմ պատմություններով, որ անքաղաքավարությամբ սուրճ էլ չհրամեցրի քեզ։

— Դու այնքան շատ քաղցրություններ վայելել տվիր ինձ, որ սուրճը ավելորդ կլիներ,— պատասխանեցի ես ծիծաղելով և դուրս գնացի։

ԺԱ

ԱՎԵՏԻՔ

Շատ անգամ ապագա երջանկության հույսը այնպիսի ուրախություն է ներշնչում մարդու մեջ, որի նմանը նա չէ ունենում նույնիսկ բուն երջանկությանը հասած ժամանակ: Այդ տեսակ ուրախություն էր լցված իմ սրտի մեջ, երբ ես Մարգարիտայի տնից վերադարձա։ Նրա ինձ արած սիրո խոստովանությունը իմ ցնորքների լրումն էր։ Պատեր-Սիմոնի մասին խոսածները գրեթե մոռացել էի։ Եվ իրավ, ի՞նչ կարող էր անել ինձ մի մարդ, որից ես կախում չունեի։ Դրա մասին մտածելը ինձ համար երկրորդական խնդիր էր։ Երբ տուն հասա, քույրս տեսնելով իմ անսովոր ուրախությունը, հարցրավ պատճառը։ Ե՛ս, ի՛հարկե, ոչինչ չթաքցրի և ամեն բան մի առ մի պատմեցի նրան։ Նա այնպես ուրախացավ, և պատմեց, թե ինչպես ինքն էլ միևնույնը գուշակում է եղել:

— Առաջին օրից երբ դուք պատահեցիք միմյանց,— ասաց նա,— ես Մարգարիտային քեզ համար հարսնացու ընտրեցի։ Այժմ ուրախ եմ, որ իմ ցանկությունը կատարված եմ տեսնում։ Բայց ինչ որ Մարգարիտան պատեր֊Սիմոնի մասին խոսակցել է,— ավելացավ քույրս,— դրանք բոլորը ուշադրության արժանի բաներ են: Քո նպատակին դյուրավ