Էջ:Muratsan, vol. 1.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասնելու համար անհրաժեշտ է որ պատեր-Սիմոնի բարեկամությունը վաստակես, որովհետև նրա խոսքը մեծ կշիռ և նշանակություն ունի Մարգարիտայի ծնողաց համար:

Այնուհետև մենք որոշեցինք, որ քույրս յուր ամուսնու հետ միասին խնամախոս գնար նրա ծնողաց մոտ։ Բայց այս բանի համար անհրաժեշտ էր նախ և առաջ Մարգարիտայի համաձայնությունը ստանալ։

Նույն ավուր երեկոյան ես նրա հետ տեսնվեցա քաղաքային այգվո մեջ։ Մենք ժամադիր չէինք եղած, բայց կարծես նախազգացմամբ գիտեինք, որ պիտի պատահենք միմյանց. նա եկել էր այդտեղ Մարիի հետ։

Առաջին անգամ երբ Մարգարիտան ինձ տեսավ, շառագունեց։ Նա կարծես ամաչում էր յուր ինձ արած խոստովաանությունից։ Ես նույնպես մի րոպե այդ շփոթությանը ենթարկվեցա։ Բայց մի քանի վայրկյանում ամեն բան անցավ: Մենք մոտեցանք և ջերմությամբ ձեռք սեղմեցինք։

Մի քանի խոսք փոխանակելուց հետո, Մարին կամաց-կամաց հեռացավ մեզանից և խառնվեցավ յուր ծանոթ աղախինների խմբի մեջ, որոնք իրենց տիրուհիների փոքրիկները զբոսեցնելու էին բերել:

Մենք նույնպես խույս տվինք դեպի մենավոր ծառուղիները։

— Չե՞ս զարմանում, որ պատեր-Սիմոնի այսօրվա նամակից հետ ես դարձյալ եկել եմ քեզ հետ զբոսնելու, —ծիծաղելով հարցրեց ինձ Մարգարիտան։

— Քո խոստովանությունը լսելուց ետ, մի՞թե պետք է զարմանայի, — պատասխանեցի ես։

Մարգարիտան մի խորհրդավոր ակնարկ ձգեց ինձ վերև ժպտաց։

«—Բայց ես իմ պատմությունը շարունակելու համար եկա,— ասաց նա։— Այսօր հեռանալուց քիչ ժամանակ հետո ծնողներս այգուց վերադարձան։ Պատեր֊Սիմոնի նամակը ես բաց հանձնեցի հորս, նա կարդաց նրան և զայրացավ։

Բայց այդ զայրացումը ոչ թե իմ, այլ պատեր-Սիմոնի դեմ էր։ Հայրս զգաց թե որ աստիճան պետք է վիրավորված լինեի ես այդ նամակը կարդալով.