Էջ:Muratsan, vol. 1.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


արժանավոր հատուցումը, կամ դիմել նրան և աղաչել, որ հեռացնե ինձանից յուր ցասումը և արգելք չդառնա մեր միությանը. երբեմն էլ մտածում էի` ընկնել քարոզիչ Լորենտանոյի ոտքերը և աղերսել նրա օգնությունը, զիջանելով նրան մինչև անգամ իմ կրոնական համոզմունքները... բայց վերջին երկու միջոցը իմ արժանապատվությունը վիրավորող էի գտնում։ «Ոչնչացնել, կամ ոչնչանալ» վճռեցի ես վերջապես և նոր ուժով կազդուրված քայլերս շտապեցրի։

Երեք ընկերները հենց նոր էին վերադարձել Լուսինյանների տնից: Շատ քաղցր բարեկամությամբ նրանք ընդունեցին ինձ։ Պատեր-Սիմոնը քաղաքավարությամբ ծանոթացրեց ինձ Ֆրանցիսկոս Լորենտանո քարոզչի և գիտնական պատեր-Պետրեի հետ։

Ֆրանցիսկոս Լորենտանոն հասակն առած մոտ հիսուն և հինգ տարեկան մի մարդ էր. բարձրահասակ և վայելչակազմ, դեմքը շատ քաղցր և ժպտող, նրա երեսի վերա փայլում էր կատարյալ առողջություն, իսկ այտերը վառվում էին մի նորատի կնոջ դեմքին հատուկ կարմրությամբ. Նրա սափրած ծնոտի տակ հանգչում էր մի երկրորդ ծնոտ, որ ալիքավոր անհավասարությամբ իջնում միանում յուր պարանոցի հետ։ Նրա ամբողջ կազմվածքի ներդաշնակությունը խանգարում էր միայն պատերական լայն և ուռած փորը, որի վերա չէր կարողանում տիրապետել յուր ոչ պակաս լայնադիր կուրծքը։ Մի քանի րոպե ես հիացմունքով նայեցի նրա վերա:

Այդ մարդին արտաքուստ դատելով ես չար չգտի, նրա ձայնի և նայվածքի մեջ կար մի բան, որ կախարդում էր։ Շինծո՞ւ էր այդ, թե՞ բնական, դեռ չգիտեի։

Պատեր-Պետրեն, ընդհակառակը, նիհար, հակակրական դեմքով և մաշված կազմվածքով մի արարած էր. նրա դեմքի և նայվածքի մեջ ես պարզ կարդում էի դիվական չարություն։ Նրա ձայնն անգամ անախորժ էր և խռպոտ. Առաջին անգամից իսկ ես զզվեցա նրանից։

Նստելով ինձ առաջարկած աթոռի վերա, ես թույլ չտվի իմ նոր բարեկամներին մի որևէ քաղցր խոսք փոխանակել ինձ հետ, կասկածելով կորցնել խստությունս, ուստի ուղղակի գործից սկսեցի. •