Էջ:Muratsan, vol. 1.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Վերապատվելի հարք, դուք արդեն ամեն բան գիտեք, և կարող եք գուշակել նույնիսկ իմ այցելության պատճառը, — ասացի ես,— հետևապես ես ձեզ նոր բան պատմելու կարևորություն չեմ տեսնում։ Ես սիրում եմ Լուսինյանի աղջկան և արդեն նշանված եմ նրա վերա, այդ գիտեք դուք։ Բայց մեր ամուսնությունը ձեզ հաճելի չէ, որովհետև աղջիկը պատկանում է կաթոլիկ դավանության, և դրա համար էլ դուք ամեն ջանք գործ եք դնում խափանել մեր միությունը։ Ես եկա հարցնելու ձեզ, վերապատվելի հարք, թե ի՞նչ բարիք ստեղծելու համար եք գործում այդ չարությունը, և թե ի՞նչ է ձեր պահանջը ինձանից։

— Չարություն մենք չենք գործում, — քաղցրությամբ պատասխանեց քարոզիչը, — Հիսուս Քրիստոսը երբեք յուր աշակերտներին չարություն չէ սովորեցրել...

— Այդ ես գիտեմ, — դառնությամբ ընդհատեցի նրան,— բայց դուք ձեր վարմունքով նրա աշակերտներին չեք նմանում. Քրիստոս սեր էր քարոզում, իսկ դուք սերը քանդում եք…

Այս խոսքի վերա Ֆրանցիսկոս Լորենտանոն ձեռքերը դեպի վեր բարձրացրեց և աչքերը առաստաղի վերա սևեռելով երկյուղած ձայնով բացականչեց.

Ով սուրբ Տիրամայր, բարեխոսիր քո անմահ Հիսուսին, որ ներե այս հայհոյող մահկանացուին, որ լուսավորե այս մոլորյալի աչքերը և առաջնորդե նրան դեպի ճշմարտության ճանապարհը...

Իսկույն մյուս երկու ֆրերներն էլ հետևեցին քարոզչի օրինակին, կարծես թե այստեղ մի կրոնական ծանր արարողություն էր կատարվում։

Այս կատակերգությունը թեպետ մի վայրկյան շարժեց իմ ծիծաղը, բայց ավելի զայրույթս գրգռեց։ Ես տեսա, որ այս մարդիկ ինձ մի անփորձ տղայի տեղ դնելով կրոնական թեորիաներով են ուզում ճնշել սրտիս մեջ ալեկոծվող կատաղությունը։

— Վերապատվելի հարք, ես հավատում եմ ձեր ջերմեռանդությանը,— ընդհատեցի ես նրանց, — բայց այս րոպեին ես կարոտում եմ ավելի ձեր ճշմարտախոսությանը քան թե