Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանել նրան, երբ դիմացի դուռը բացվեցավ, և Մարգարիտան ներս մտավ հավատաքննական ատյանը։

Բոլորը լռեցին և ուղղվեցան իրենց աթոռների մեջ. իսկ իմ մարմնի վրայից անցավ մի հանկարծական սարսուռ...

Մարգարիտայի դեմքը թեպետ տխրությունից դալկացած, բայց յուր աչքերը զայրույթից վառվում էին. նա այդ րոպեին և՛ գեղեցիկ, և՛ զարհուրելի էր... Հառաջանալով դեպի հավատաքննիչները, նա կանգնեց նրանց դեմ առ դեմ և սրտմտությունից դողացող ձայնով ասաց.

— Պատվելիներ, դուք շատ խոսացիք և ապարդյուն խոսացիք. այժմ հերթն իմն է, ուրեմն ինձ լսեցեք: — Ձեր բոլոր վիճաբանությունները, ձեր քննությունները և ընդդիմախոսությունների ինձ համար են. դուք կամենում եք փրկել իմ հոգին դժոխքից, շնորհակալ եմ ձեր հոգատարության համար։ Բայց թույլ տվեք ինձ անկեղծ լինել և խոստովանել իմ զգացումները և հավատը:— Ես սիրում եմ այս երիտասարդին, (նա այդ ժամանակ մատնացույց արավ ինձ վերա), և իմ հոգին մեր միությունից չի կորչիր: Այս երիտասարդին եմ նվիրել ես իմ սիրտը, այս երիտասարդին էլ կնվիրեմ այդ հոգին... Ազատեցե՛ք մեր տունը ձեր խռովարարությունից.. դարձրե՛ք մեզ մեր ընտանեկան խաղաղությունը...Եթե դուք քրիստոնեությունն եք պաշտպանում, քրիստոնեությունը իմ խնդիրքի մեջ է, պատկառ կացեք նրան։ Բայց դուք կամենում եք դեռ երկար համառել, հավատացեք, որ այդ համառումը ապարդյուն կլինի, որովհետև ես իմ կամքիս հաստատ եմ և իմ զգացմունքներիս հավատարիմ։

Այս ասելով նա մի մտերմական, բայց դեռ զայրույթից անբաժան ակնարկ ձգեց ինձ վերա և դուռը շառաչմամբ փակելով, դուրս գնաց։

Պ. Լուսինյանը մնացել էր ապշած, ես և տեր-Հովհաննեսը հիացել էինք, իսկ հավատաքննիչ պատերները ձեռնամբարձ աղոթում էին դեպի Պիոս 9-րդի պատկերը։

Մի քանի րոպեից հետ տեր-հոր ընկերակցությամբ ես էլ դուրս գնացի հավատաքննական ատենից։ Թե ինչ պատահեց այնուհետև պատերների հետ, ես չիմացա։