ԺԹ
ՄԻ ՆՈՐ ՓՈՐՁ
Մեր հավատաքննական հաշիվը կաթոլիկ կղերի հետ վերջացնելուց հետո պ. Լուսինյանը բոլորովին փոխվել և նոր հոգի ու սիրտ էր ստացել։ Այն բոլոր վշտերը, որ նա յուր վարմունքով պատճառել էր ինձ և Մարգարիտային, այժմ աշխատում էր մոռացնել տալ մեզ։ Նա ինքը զանազան զվարճություններ էր պատրաստում մեզ համար, դաշտային զբոսանքների էր հրավիրում մեզ և տխուր անցքերի հիշատակը մեր մտքերից գլխովին ջնջելու համար փոքրիկ խնջույքներ էր սարքում յուր տան մեջ կամ այգիում և հրավիրում ինձ և Մարգարիտային սիրելի ընկերությունները։
Ճշմարիտ սիրող սրտերը չափազանց դյուրազգաց են լինում. որքան շուտ են վիրավորվում նրանք մարդիկների անիրավությունից, նույնչափ շուտ էլ խանդաղատվում են նրանց բարությունով։ Ապագայի փոքրիկ քաղցրության հասնելուն պես՝ անցյալի մեծ դառնությունները երազի նման անհետանում են սիրող մարդու աչքում, որովհետև սերը ինքը տրամադիր է միշտ չարությունը մոռանալու։ Տվեք նրան երջանիկ լինելու համար մի օր, և նա կներե ամբողջ տարիների ընթացքում ձեր յուր դեմ լարած մեքենայությանց բոլոր հանցանքը...
Զարմանալի չէր լինիլ ուրեմն, եթե ես և Մարգարիտան նույնպես հեշտությամբ մոռացության տայինք մեր կրած վշտերը։ Առաջին անգամ երբ ես կրկին լսեցի Լուսինյանից, որ նա չէ մերժում այլևս յուր դստեր ձեռքը ինձ տալու, ուրախությունից չգիտեի ինչ անել։ Մարգարիտան այդ ժամանակ կանգնած էր ինձ մոտ, ներքին հրճվանքից այրվող երեսով յուր հոր վճիռը լսելուն պես մեր հայացքները ուղղվեցան միմյանց, և մենք ինքնաբերաբար գրկախառնվեցանք, ջերմությամբ սեղմվեցինք իրար և արտասվեցինք... այդ րոպեին ես էլ ուրիշ բան չէի հիշում բացի այն, որ Մարգարիտան իմ գրկումս էր, որ Մարգարիտան իմն էր…
«Օ՜ն և օ՜ն, էլ ոչ մի ույժ, էլ ոչ մի մեքենայություն չէր