կարող խլել նրան ինձանից,— մտածում էի ես,— այս անգամ ես Մարգարիտային իմ կրծքի վերա, իմ գրկերի մեջ պիտի պահեմ. առաջ մահ և ապա թե պարտություն…»:
Երկու օր անցավ, երկու երջանիկ օրեր։ Ամեն բան լավ էր գնում. վերքերը արդեն բուժվել էին, սերը ապրում էր...
Մենք նորեն ձեռք առինք այն մենավոր զբոսանքները որոնք սնունդ և կյանք են տալիս սիրահարներին։ Մեր զրույցները թեպետ մի առ ժամանակ անցյալ վշտերին և մեր դեմ լարած մեքենայություններին էին նվիրված, բայց շուտով էլ նախնի կերպարանքն առին։ — Սիրել, սիրվիլ, ամուսնական երջանկություն, ապագայի երջանկություն... ահա այն խնդիրները, որոնք զբաղեցնում էին մեզ։
Շուտով քաղաքի մեջ էլ սկսան խոսել մեր մոտալուտ հարսանիքի վերա և զվարճասեր օրիորդները դարձյալ տուալետներով զբաղվիլ սկսան։
Բայց «մարդը մտադրվում է, աստված կարգադրում է», դեռ ոչ ոք չէր գուշակել այն, ինչ որ կատարվեցավ:
Լուսինյանի վերջնական համաձայնությունը առնելուս երրորդ օրն էր։ Համաձայն մեր նախընթաց ավուր ժամադրության ես մեր տան մեջ սպասում էի Մարգարիտային։ Բայց որոշյալ ժամանակից մի քանի ժամ արդեն անցել էր, և նա չէր երևում։ Ես սկսում էի անհանգստանալ, մի փոքր հետո որոշեցի գնալ իրեն մոտ։ Բայց դեռ նախասենյակից դուրս չէի եկել, երբ Մարիին տեսա, որը գալիս էր ինձ մոտ։
— Բարի լինի գալուստդ, ի՞նչ կա,— հարցրի ես։
Մարին ոչինչ չպատասխանեց և տվավ ինձ մի նամակ: Նրա լռությունը և դեմքի չափազանց տխրությունը արդեն գուժում էին ինձ մի նոր դժբախտություն։ Ես շտապ շտապ բացի նամակը և կարդացի.
«Սիրեցյալդ իմ Արամ։
Որքան էլ դու հավատում էիր մեր բախտին, այսուամենայնիվ ես թերահավատում էի, թեպետ չէի արտահայտում այդ զգացմունքը, թերահավատում էի, որովհետև մի անգամ այդ բախտը սկսել էր գլորվիլ և պիտի մինչև վերջը գլորվեր... Մի նոր դժբախտություն էլ այսօր երևան եկավ,
12— Մուրացան, հատոր I