|
Վերջին տունը հազիվ թե վերջացրեց երգիչը և ահա դահլիճի մեջ որոտացին ծափահարությունների և կեցցեների ձայները։ Բոլոր հրավիրյալներն անխտիր հիացան պատանու գողտրիկ և ոլորուն ձայնի վերա, բոլորն էլ միաբերան գովում էին նրան։
Բայց այդ միակ երգով չբավականացան, իհարկե, Սոմարյանցի հյուրերը։ Նրանք խնդրեցին սեղանապետին, որ կրկին երգել տա Գևորգին։
Գևորգն այժմ այլևս չէր ամաչում, նա սկսեց երգել, և երգեց մոտ տասը հատ երգեր, մեկը մյուսից հաջողակ։
Ծափահարություններին և կեցցեներին վերջ չկար:
Այժմ մեր հրավիրյալներն սկսան խորը կերպով հետաքրքրվել պատանու գրությամբ, հարցնում էին Սոմարյանցից նրա հոր, մոր և մինչև անգամ ազգականների անունները։ Տեղեկություններ էին պահանջում նրա կեցության և պարապմանց մասին և այլն, և այլն։
Պարոն Սոմարյանցը, պետք է խոստովանել, շատ քիչ բան գիտեր յուր դրացու մասին, և նրա նման մի հարուստին