Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ բանում մեղադրել անկարելի էր. ուստի նա հազիվ թե կարողանում էր գոհացնել յուր հյուրերի հարցասիրությունը։

Բայց դահլիճի մի ուրիշ անկյունում, մի խումբ հյուրեր բոլորովին ուրիշ կարծիքներ էին հայտնում Գևորգի մասին: Նրանցից մի քանիսը պնդում էին, որ նա հայոց դպրոցներից մեկի աշակերտն է դեռ. մյուսները հաստատում էին, որ նա նոտայի վարժապետ է. յուր քթի մեծությամբ նշանավոր մի պարոն հիշում էր, որ այդ տղային տեսել էր Թիֆլիսի երաժշտական դպրոցում. մի ուրիշը հաստատում էր, որ նա մասնակցում էր Հայոց բարեգործական ընկերության վերջին անգամ տված նվագահանդիսին իսկ հայոց «գեղեցիկ դերասանուհիների» կենացը խմող երիտասարդներից մեկն ասում էր և փաստերով հաստատում, որ ինքն այդ տղային անցյալ տարի տեսել էր Պետերբուրգի երաժշտական դպրոցում և զարմանում էր, թե նա այժմ ի՞նչ էր շինում Թիֆլիսում և կամ ինչո՞ւ այդպես աղքատ է հագնված։

Այս տարաձայն խոսակցությունները, որոնք հակասում էին միմյանց, շատ անհանգստություն պատճառեցին երիտասարդ բժիշկ Դուդուկջյանին, որը գեղեցիկ սովորություն ուներ ամեն տեսակ ժողովների մեջ բոլորից առաջ խոսելու։ Նա բարձրացավ յուր տեղից և գինվո բաժակը ձեռքում բռնած (մոռանալով, որ կենաց առաջարկելու համար չէր կանգնել), ամենին լսելի ձայնով հարցրեց.

— Պարոն սեղանապե՛տ, մեր հարգելի հյուրերը ցանկանում են իմանալ, թե արդյոք մեր այդ տաղանդավոր և շնորհալի երգիչը ո՞րտեղ և ինչո՞վ է պարապում։ Արդյոք կարո՞ղ եք հրամայել, որ նա բավարարություն տա նրանց հետաքրրքրությանը։

— Ինչո՞ւ չէ,— պատասխանեց սեղանապետը և ապա դառնալով դեպի Գևորգը հարցրեց.

— Դու ի՞նչ գործով ես պարապում, մեր հյուրերը կամենում են իմանալ։

— Ես լինում եմ գերմանացի Գուստավի գործարանում և պարապում են փականագործությամբ,— համեստությամբ պատասխանեց Գևորգը։