Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասակում, մեռավ Պոլսում, վերջին աղքատության մեջ, — նկատեց նրան պարոն Սլաքյանը, որ մի կողմը քաշված մեծ զվարճությամբ լսում էր հափշտակված հյուրերի ճառախոսությունները։

— Եթե ամեն բանի մեջ ատանկ ծուռը դատելու ըլլանքնե, պարոն, — հարեց Դեմուրջյանը, — գիտե՞ք ուր կհանգի ձեր ճանապարհը — Կրետեի հին լաբյուրինթոսին մեջ, որը, ինչպես գիտեք, Մենովսի հրամանավ Դեդալոս անդրիագործը շինեց...

— Լաբյուրինթոսների պատմությունն անել ավելորդ է, շարունակեցեք բուն խնդրի վրա խոսել,— ընդհատեց նորան պարոն Սլաքյանը։

— Դարձյալ ծուռը կդատիք, պարոն. լաբյուրինթոսներու պատմությունն անանկ հետաքրքիր նյութ մ՚է հնագիտության համար, որ մեր դարու բոլոր հնախոսք մեծամեծ հատորներ հրատարակած են ցարդ անոնց վրայոք։ Եթե ինձ չեք հավատար, շնորհ ըրեք մեր Պոլսո-գրավաճառանոցներն այցելելու ու հոն պիտի տեսնեք, թե ի՜նչ ահագին հատորներ կվաճառվեն, բոլորն ալ հնագիտության և գլխավորապես լաբյուրինթոսներու մասին հարուստ տեղեկությամբք լի...

— Պարո՛ն, դուք դարձյալ բուն խնդիրը մոռացաք, — նորեն ընդմիջեց նրան պարոն Սլաքյանր,— ես Դուրյանի մասին էի խոսում, որ Պոլսում աղքատության մեջ մեռավ, դուք ի՞նչ էիք կամենում սրա մասին ասել։

— Հա, մոռցա, ես ալ ադոր համար պիտի խոսեի։ Դուք. հարգելի պարոն, Դուրյանի անուն տալով խնդիրը կշփոթեք։ Վասնզի այլ է բանաստեղծ, այլ է երգիչ։ Բանաստեղծը չկրնար երգիչ ըլլալ և ոչ ալ երգիչը բանաստեղծ։ Սա անանկ ճշմարտություն մ՚է, որ մեր Պոլսո բոլոր ազգայինք գիտեն, և ձեզի պես նշանավոր ազգասերի մ՚ալ չը գիտնալը պատիվ չի բերեր...

— Մենք, պարո՛ն, գիտենք ըստ հարկին պատվել զԼիթռե զՎիկթոր Հուկո, դուք Կովկասու հայքդ հազիվ կրցաք Դյուլոռեի մը հոգեհանգիստը կատարել։

— Բայց բուն խնդիրը, պարո՛ն, բուն խնդիրը, — անհամբերությամբ ընդհատեց նրան պարոն Սլաքյանը։