Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկուսս էլ անպաշտպան ենք և կարոտ ձեր նման բարի մարդիկների օգնությանը:

— Այո՛, մեր պարտքն է, կաշխատենք:

— Ուրեմն…

— Գնացե՛ք, միամիտ եղեք, անպատճառ կաշխատենք:

Գևորգը շատ խոնարհ գլուխ տալով դուրս եկավ սենյակից:

— Ավռաամ, ո՞վ էր այդ երիտասարդն, — ընդունարանը մտնելով հարցրեց ամուսնուց տիկին Ելիզավետա Սերգեևնան, այդպես էր կոչում դրան պարոն Տանպետյանցը:

— Մի խեղճ տղա է, լավ երգում է: Անցյալ երեկոյան Սոմարյանցի տանն էր:

— Իսկ քեզ մոտ ինչու՞ համար էր եկել:

—Դրա համար այնտեղ ստորագրություն էինք բացել Պետերբուրգ ղրկելու նպատակով: Ստորագրության թուղթը ինձ մոտ էր, եկել էր խնդրելու, որ սկսենք փողերը ժողովել:

—Շա՞տ ստորագրեցին:

—Ոչինչ չեմ հիշում: A՚propos, Ելիզավետա, հանիր խնդրեմ իմ այն ավուր հագած րետինգոտի գրպանից այդ թուղթը և բե՛ր ինձ: — Ելիզավետա Սերգեևնան հնազանդվեցավ:

— Տեսնենք, դու ո՞րքան ես ստորագրվել, — դարձավ նա ամուսնուն, թուղթը ձեռքին սենյակը մտնելով:

—Տո՛ւր տեսնեմ, չգիտեմ:

—Տե՛ս, եթե տասը ռուբլուց ավել ստորագրած լինիս, ականջդ պիտի քաշեմ, — ասաց նա քնքշաբար և թուղթը հանձնեց մարդուն:

—Ա՞յս ինչ է, — վախեցած վեր թռավ Տանպետյանցը, թղթին նայելուց հետո:

—Ի՞նչ պատահեցավ, անհանգստությամբ հարցրեց նրան տիկինը:

—Վա՜, վա՜, գժվա՞ծ եմ եղել, — բացականչեց Տանպետյանցը, — առանց կնոջ հարցին ուղղակի պատասխանելու:

—Ի՞նչ պատահեց քեզ, Ավռաամ, ասա՛ է՜, տասը ռուբլուց ավել ես ստորագրվել, հա՞,