նրան բակի դռան մոտ՝ իրեն սպասելիս, կամ մաքուր-պսպղան ինքնաեռի մոտ՝ թեյ շինելիս:
Անտոնը կրթված քաղաքացիների նման ջերմությամբ չէր ողջագուրված յուր աղջկան, նա միայն մի քաղցր ժիպիտով էր դիմավորում նրան, բայց այդ ամաչկոտ ժպիտի մեջ որքա՛ն բուռն սեր, որքա՜ն հայկական խանդ և գորով էին պարունակում... Ամբողջ շաբաթվա մեջ, յուր տաժանակիր աշխատությանց ժամանակ կրած նեղությունները նա իսկույն մոռանում էր, հենց որ տեսնում էր նրան: Այդ միամոր աղջկա մեջ նա ամփոփել էր յուր բոլոր բախտը, կյանքը և հարուստությունը: Ելենան նրա համար մի ամբողջ աշխարհք էր...
Իսկ Հռիփսիմեն, իհարկե, Անտոնի նման չէր: Մայրական սիրտը ամենայն տեղ միևնույն է. նա նույնչափ քնքուշ, նույնչափ՝ գթոտ է աղքատի խրճիթում, որչափ և մեծատան սրահներում։ Դեռ մի քանի տասնյակ քայլ իրենց տնից հեռու, երբ նա նկատում էր Ելենային, իսկույն վազում, փաթաթվում էր նրան, սեղմում էր կրծքին, համբուրում էր, կարծես թե երկար տարիներ էին անցել, ինչ որ նա չէր տեսել Ելենային, և ապա ձեռքիցը բռնած բերում էր տուն։ Յուրաքանչյուր կյուրակե հյուսն Անտոնի տունը կերպարանափոխվում էր. Ելենայի ներկայությունը լցնում էր ամեն դատարկություն․ տան թե՛ ներսը և թե՛ դուրս մի առանձին կենդանություն էին ստանում։ Շաբաթվա մեջ խնայծներն այդ օրը սեղանի վրա էին հանվում։ Ելենայի ուրախությունը կատարյալ անելու համար հրավիրում էին դրանց աղջիկներից մի քանիսը, որոնք ճաշից հետո դահիրա էին ածում և Ելենայի հետ միասին երգում և պարում էին։
Միով բանիվ այդ օրն Անտոնի և Հռիփսիմեի աղքատիկ տնակը կատարյալ երջանկության մեջ էր լինում։
—Մեր ուրախությունը ոչնչով պակաս չէ մեր հարուստ դրացիների ուրախությունից, — հաճախ կրկնում էին մարդ ու կին երախտագետ սրտով փառք տալիս աստծուն։
Ահա՛ այս երջանիկ օրը վայելելու համար էր, որ Անտոնը եկեղեցուց շտապով վերադառնում էր տուն։
—Ու՞ր է Ելենան, դեռ չէ՞ եկել, — հարցեց Անտոնը կնոջը՝ տուն մտնելով և «ողորմի աստված» ասելով։