Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ, դեռ չէ եկել. չգիտեմ ինչո՞ւ այսօր ալսքան ուշացավ։

— Զարմանալի է, նա այս ժամին միշտ այստեղ է լինում։

—Ի՞նչ զարմանալու բան կա. երևի այն անպիտան վարպետուհին էլի գործ է տվել շինելու։ Խեղճ երեխաս ամբողջ շաբաթը տանջվում է բավական չէ, և դեռ կյուրակե օրն էլ հանգիստ չեն թողնում։

— Չէ՛, ա՛յ կին, ես պետք է Ելենայիս հանեմ այդ կնոջ մոտից. նա նրան բոլորովին կմաշե։

— Ես խո սկզբից էի ասում, թե Բերնարի համար լավ չեն խոսում. ասում էին, որ նա աղջկերանց միսն ուտում է, բայց դու ինձ չսեցիր և աղջիկդ տվիր նրան:

— Ոչինչ, թող այս ամիսն էլ անցնի, այն ժամանակ ես գիտեմ ինչ կանեմ,— ասաց Անտոնն սպառնացող եղանակով և ապա դուրս եկավ բակը՝ տեսնելու համար. թե արդյոք հեռվից չէ՞ երևում Ելենան։

Նա երկար նայեց այստեղից դեպի ներքևի փողոցը. և ոչինչ չնշմարեց։ Վերջապես կամաց-կամաց բարձրացավ դեպի քարափի բարձրությունը, այնտեղից ավելի լավ դիտելու համար։ Երկար ժամանակ նա այդտեղ արձանացած կանգնած էր. բայց Ելենան չէր երևում։ Անհանգստությունը սկսեց նրան տանջել, նա իջավ տուն։

— Ա՛յ կին, ես գնում եմ դեպի կարանոցը, տեսնեմ երեխային ինչ պատճառով են այսքան ուշացնում — ասաց նա Հռիփսիմեին, գլուխը սենյակի պատուհանից ներս մտցնելով։

— Գնա՛, գնա՛, գուցե այն անզգամ կինը քեզ տեսնելով ամաչե,— պատասխանեց Հռիփսիմեն,— գնա և խնդրիր, որ երկրորդ անգամ այսքան երկար չպահե երեխային. թող միշտ առավոտը ղրկե։

Անտոնր շտապ֊շտապ դիմեց դեպի տիկին Բերնարի կարանոցը:

Բակը մտնելով նա առաջին անգամ պատահեց Շուշանին։

— Ինչո՞ւ քո տիկինը Ելենային այսքան ուշացնում է.