Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամոթ չէ՞, — ասաց նա նրան, ամբողջ շաբաթ խեղճը տանջվում էր բավական չէ, դեռ կյուրակե օրերն էլ է բանեցնում։

—Ի՞նչ եք խոսում դուք, – զամացմամբ հարցրավ Շուշանը, – Ելենան երեկ երեկոյան է եկել ձեզ մոտ։

Գժվե՞լ ես, ի՞նչ է․ ի՞նչպես թե երեկ երեկոյան է եկել մեզ մոտ․ նա այստեղ է նա․․․ ո՞ւր է տիկինդ, ո՞ւր է Ելենան — այս խոսքերով նա խելագարվածի նման վազեց դեպի տիկին Բերնարի առանձնարանը։ Տիկինն այդ ժամանակ կանգած հայելու առաջ սանդրվում էր, նա հայելու մեջ տեսավ, թե ինչպես Անտոնը շփոթված ներս ընկավ յուր սենյակը․ բայց նա այդ բանից բնավ չվրդովվեցավ։

—Հա, ի՞նչ կա, Անտոն, բա՞ն ունիս ասելու, — հարցրեց նա նրան կատարյալ հանգստությանբ և առանց երեսը շուռ տալու։

—Տիկի՛ն, ո՞ւր է Ելենան, մինչև այժմ պահել եք նրան։

—Ելենա՞ն — զարմացմամբ հարցրեց նա։

—Այո՛, այո՛, Ելենան, ուր է, ինչո՞ւ է ուշանում:

— Ի՞նչ եք ասում: Ելենան երեկ երեկոյան եկավ ձեզ մոտ:

— Տիկին դուք կատակ եք անում, — վայրենի ձայնով գոչեց Անտոնը, և նրա դեմքը կտավի գույն ստացավ…

— Ինչ կատակ, ինչ բան ձեզ ասում են որ երեկ երեկոյան նա եկել է ձեզ մոտ: Ինչ անեմ շատ խնդրեց, ես էլ չկարողացա բացասել. միթե վատություն եմ արել:

Անտոնի ոտքերը թուլացան: Նա երերվեցավ և քիչ էր մնում, որ գետին ընկնի, բայց իսկույն հենվեցավ պատուհանին:

— Տիկին դուք ինձ խելագարեցնում եք. նա մեզ մոտ չի եկել, ասեցեք, ի սեր աստծո, ուր է նա ուր է գնացել…

— Ձեր հայերը միշտ այդպես կոպիտ են, պարոն, — կեղծ բակությամբ նկատեց տիկին Բերնարը, — ես ձեզ սուտ չեմ ասում խո. ինչ է, ինձ մոտ է և ես ծածկում եմ: