Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց նա մեզ մոտ չի եկել տիկին, ո՞րտեղ է ուրեմն...

—Գուցե ձեր բարեկամներից մեկի տանն է՝, ես ի՞նչ գիտեմ, ո՞րտեղ է․ ես խո փողոցում էլ նրա պահապանը չեմ։ Անտոնը ոչինչ չպատասխանեց, նա երերվելով դուրս գնաց։

—Աղջկերք, գուցե դուք գիտեց, ասացեք, ո՞ւր է Ելենան, — գրեթե շնչասպառ մոտեցավ նա մի քանի կարողուհիների, որոնք հավաքված էին պատշգամբի մի անկյունը։

—Ի՞նչ է, չէ՞ եկել ձեզ մոտ, — զարմացմամբ հարցրեց նրանցից մինը։

—Նա երեկ երեկոյան դուրս գնաց այստեղից, — հարեց մի ուրիշը։

—Ի՞նչ է պատահել, մի՞թե իրենց տուն չէ գնացել,— մի երրորդը հարցնում էր իր ընկերուհուն։

—Այ, չե՞ս տեսնում, հայրն ասում է, որ չէ գնացել,—պատասխանում էր նա։

—Աստված իմ, ի՞նչ եք ասում, ուրեմն ո՞ւր պետք է գնացած լինի,— բացականչում էր Նինոն։

—Գուցե ձեր քրոջ տանն է, պարոն, այնտեղ հանդիպեցեք...— վերջապես խորհուրդ էր տալիս Շուշանը:

Անտոնն այս բոլոր հարց ու պատասխաններից ոչինչ նոր բան չհասկացավ, նրա համար միայն այն տխուր լուրը հաստատվեցավ, որ Ելենան երեկ երեկոյան կարանոցից դուրս է գնացել, բայց թե ո՞ւր է գանացել, նա չեր կարողանում հասկանալ: Վերջապես նա շվարած դիմեց դեպի իր քրոջ՝ Եղիսաբեթի տունը, որը Բերնարի կարանոցի մոտ էր գտնվում:

Ճնապարհին մի նվազ հյուս պահում էր նրան, նա ուզում էր հավատալ, որ Ելենան երևի իր քրոջ տունն է գնացել, որովհետև քաղաքի մեջ նա էր իրենց միակ ազգականը, թեպետ այդ բանը նա առանց ծնողներին իմացնելու չէր անիլ: Բայց չէ՞ որ խեղդվող մարդն ամեն անզոր շյուղից էլ բռնում է, որ նա կազատե իրեն...

—Այստե՞ղ է Ելենան,— հարցրեց Անտոնը քրոջից բակի մեջ նրան պատահելով:

—Ելենա՞ն, — զարմացմամբ հարցրավ քույրը: