Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես կխնդրեմ, որ հենց վաղը նա դիմե իմ ծնողներին, խնդրե իմ ձեռքը իսկույն պսակվի ինձ հետ։ Նա իմ խնդիրը չի մերժիլ․ նա ինձ սիրում է, նա գիտե, որ ես էլ յուր սիրո համար զոհեցի ինձ․․․ Այո՛, նա կկատարե իմ խնդիրը և այդպիսով կփակե բոլոր խոսող բերանները և այն ժամանակ ես չեմ քաշվիլ բոլոր եղելությունը պատմել իմ ծնողներին. նրանք չեն դատապարտիլ ինձ, որ ես սիրել եմ և կհամոզվեն, որ իզուր չեմ սիրել...

Այս մտքով ոգևորված, Ելենան անհամբերությամբ սպասում էր ցանկալի երեկոյին: Նա տիկին Բերնարի միջոցով կանչեց յուր մոտ Նինոկին և կրկին անգամ թախանձանոք պատվիրեց նրան, որ ոչ ոքի հետ ոչինչ չխոսե յուր մասին մինչև մյուս առավոտ: Նինոն խոստացավ ճշտությամբ կատարել յուր սիրելի ընկերուհվո խնդիրը:

ՏԽՈւՐ ՎԵՐՋԱԲԱՆ

Մթին և աստղազարդ գիշեր էր: Լուսին չկար: Ելենան յուր շղարշին մեջ երեսուն փաթաթած շտապ—շտապ դիմում էր յուր փեսացուի տունը: Միայն մի ուրիշ միտք, որի մասին նա առաջ չէր մտածել, նրան տանջելու չափ անհանգստացնում էր: «Գուցե տանը չգիտեմ նրան, ո՞ւր պիտի դիմեմ այն ժամանակ», —ասում էր նա: Բայց որքան մեծ եղավ յուր ուրախությունը, երբ հասնելով Փուլշատյանի առանձնարանը պատող պարսպապատ այգուն, ծառերի միջից նշմարեց. որ տան դեպի այգին նայող բոլոր պատուհանները պայծառ լուսավորված էին: Նա ուրախությամբ սկսեց քաշել այգով փոքրիկ դռան հնչակը: Իսկուկն ծառան հայտնվեցավ և բացավ դուռը:

—Ո՞ւմ եք կամենում, տիկին, — հարցրեց նա Ելենային:

—Սամվելին. տա՞նն է նա:

—Այո՛, տանն է, բայց ձեզ ընդունել չէ կարող:

—Դուք ինձ երևի չեք ճանաչում, — ասաց Ելենան,— բայց հոգ չէ, ես նրան կտեսնեմ: — Այս ասելով նա մտավ պարտեզը և իրեն ծանոթ ծառուղիով դիմեց դեպի տան կողմը: