ամեն մի շարժմունքը, շատ անհանգստացավ նրա վրդովված դեմքով դահլիճ մտնելը տեսնելով և հետևապես շտապեց պատճառն իմանալու։
— Ոչինչ չկա,— հակիրճ պատասխանեց Աննան նրա հարցին։
— Այդ անկարելի է, Անիչկա, դու չափից դուրս վրդովված ես, ես այդ տեսնում եմ։
— Հավատացիր, որ ոչինչ չկա։
— Չեմ կարող հավատալ. ես անհանգստությունից մեռնում եմ։
— Բայց ես չեմ կամենում, որ դու էլ տխրես։
— Օ՜հ, Աննա, մի՞թե կարող էի սպասել քեզանից այդ խոսքը. ինչո՞ւ համար պետք է ես ուրախ լինեմ, երբ դու արդեն տխուր ես։
— Լավ, արի, ես կասեմ քեզ պատճառը։ — Եվ քաշվեցան դահլիճի մի անկյունը։
— Իմ մայրը մտածում է ամուսնացնել ինձ այս հիմար իշխանի հետ, և այս խոսքը այս երեկո խոսացել է յուր մի քանի բարեկամուհիների հետ։
— Աստված իմ, ի՞նչ եմ լսում,— սարսափով բացականչեց Մարությանը,— մի՞թե այդ հնարավոր է։
— Իհարկե չէ. և ես նրան հասկացրի, որ այդ յուր գործը չէ, որ իմ ամուսնության խնդիրը միայն ինձ է վերաբերում։
—Բայց ես վախենում եմ, Անիչկա, որ քեզ կխլեն ինձանից...
— Ինձ կխլե՞ն.՝ երբեք. ամեն բան կարող են անել դրանք, բայց բռնանալ իմ զգացմունքների վերա, այդ չեն կարող։ Ես ավելի լավ կհամարեմ իմ կյանքից զրկվել, քան թե իմ Տիրանից է:
— Դու մի հրեշտակ ես, Անիչկա, մարդկային մարմնով աշխարհ իջած, — զգացված բացականչեց երիտասարդը և քնքշաբար սեղմեց սիրուհու աջը յուր ձեռների մեջ։
Բայց Աննայի մայրը հեռվից դիտում էր աղջկա բոլոր քայլերը, նա տեսավ, թե ինչպես Մարությանը մոտեցավ