Էջ:Muratsan, vol. 1.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան անհանգստությամբ հարցեր արավ և հետո թե ինչպես երկուսի մեջ սկսվեցավ մտերմական խոսակցություն։ Մի թիֆլիսեցի կին, որ քառասունևհինգ տարի ապրել էր և սիրահարության ամեն չարն ու բարին սովորել, անկարելի էր, որ չհասկանար, թե ի՞նչ խոսք ու զրույց էր անցնում երիտասարդ խոսակիցների մեջ։ Նա երկար դիտում էր նրանց։ Հետո երբ բաժանվեցան, նա մոտեցավ Վարդուհուն, որը հենց նոր էր յուր պարընկեր ասպետից ազատվել և շնչասպառ հանգստանում էր աթոռի վերա, և խորամանկությամբ հարցրեց.

— Վարդո ջան, երբ որ Անիչկան սիրում է եղել Մարությանին, դու ինչո՞ւ ինձ առաջօրեն չես հայտնել, ես ուրախությամբ կշտապեցնեի նրանց միությունը։

—Ե՞ս, դուք էլ գիտեք, որ բավական ժամանակ է ձեզ հետ տեսնվել չէի կարողանում,— միամտությամբ պատասխանեց Վարդուհին,— բայց միշտ կարծել եմ, որ դուք արդեն գիտեք, և մանավանդ կարիք էլ չկար, որ ես այդ բանը ձեզ հայտնեի, որովհետև Անիչկան ինքն էլ շատ էլ ամաչկոտ չէ:

Բայց ի՞նչ, մտադի՞ր եք շուտով ամուսնացնել նրանց:

—Ես դեռ այս երեկո իմացա, իհարկե կամուսնացնեմ:

—Այս երեկո՞, օ՜, նրանք շատ ժամանակ է, որ սիրում են միմյանց:

—Ավելի լավ, միմյանց բնությունը լավ կճանաչեին,— պատասխանեց Մարիա Սերգեևնան և մի քանի հարց ու պատասխանեց հետո հեռացավ:

Այս միջոցին Աննայի հորեղբայր Արտեմ Իվանիչը յուր հին դասընկեր իշխան Դիմիտրին յուր թևն առած մտերմաբար խոսում էր նրա հետ, ճեմելով դահլիճի մի ծայրից դեպի մյուսը: Նրա խոսակցության նյութը վերաբերում էր իշխանի և յուր եղբոր դստեր ապագա երջանկությունը: Սա կանխավ պատվիրած մի զրույց էր:

—Իհարկե, դուք Պարիզ և ուրիշ տեղեր շատ գեղեցկուհիներ կլինեիք տեսած,— ասում էր նա,— բայց որ դրանք իրենց արտաքին գեղեցկության համահավասար ներքին գեղեցկություն էլ ունենային, այդ հազիվ թե պատահեր:

—Այդ նկատողությունը ճշմարիտ է առաքինությունը,