Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսում էր քարոզիչ Ավետիքի մասին), մենք այլևս միմյանց չենք ճանաչում: Դու սառն և անտարբեր ես դեպի քո կինը և քո զավակները և մենք բոլորս՝ դեպի քեզ: Տեսնում ես, բոլորիս դեմքն էլ վշտահար, բոլորիս սիրտն էլ կոտրված. մեր ամբողջ տունը քայքայման մեջ, բայց ինչո՞ւ համար այս ամենը և մինչև ե՞րբ այսպես…

Գրիգորը տեսնում էր, որ չէր կարողանում անտարբերությամբ լսել կնոջ խոսքերը: Նրա դողացող և սրտաշարժ ձայնը թափանցում էր յուր սրտի խորքերը, նրա աղաչավոր և արտասվալից աչքերը կարծես շանթեր էին թափում յուր երեսին, նա իրեն զգում էր հաղթահարելու մոտ… Բայց այս հանգամանքը նպաստավոր չէր յուր նպատակին, ուստի կնոջ հուզմունքը և անհաջող սկսված խոսակցությունը առ ժամն դադարեցնելու համար, ասաց.

— Մարիամ, անցյալը հիշելուց և նրա վերա խոսելուց դադարենք: Մենք պետք է հաշտ լինեք, այս վճռված է, բայց թե ի՞նչ պայմաններով, այդ մասին դեռ պետք է խոսեմ քեզ հետ: Այժմ գնա դու ճաշ բեր մեզ համար, եթե պատրաստ է, ես սաստիկ քաղցած եմ, իսկ դրանից ետ մենք շատ կարող ենք խոսել:

— Շատ լավ, — ասաց Մարիամը և ուրախությամբ դուրս գնաց սենյակից:

Մառանի դռան մոտ նա պատահեց Մանիշակին: Նա զարմացավ յուր մորը մի անսովոր ուրախության մեջ տեսնելով:

— Ի՞նչ է պատահել քեզ, մայրիկ, — անհանգստությամբ հարցրավ նա:

— Վերջապես աստված խղճում է մեզ, զավակս, — ասաց նա գրկելով գեղեցիկ աղջկանը, — նա քո հոր սիրտը և գութը շարժեց, վերջապես նա մեզ հետ հաշտվում է:

— Աստված, որքան ուրախ եմ, մայրիկս, ուրեմն այսուհետև մեր տանը կռիվներ չեն լինիլ, այնպես չէ՞:

— Իհարկե, դստրիկս:

— Օ՜հ չգիտես, մայրիկս, թե որքան քեզնից ծածուկ լաց էի լինում յուրաքանչյուր անգամ, երբ հայրս քեզ հետ կռվում էր: