—Խե՜ղժ աղջիկ, ի՛հարկե, լաց կլինեիր:
—Մայրի՛կ, ուրեմն հայրս այրևս լութերական չէ, այնպես չէ՞:
«Լութերական» բառը լսելուց մայրը մի րոպեական սարսուռ զգաց ամբողջ մարմնի մեջ. նա չկարողացավ յուր դստեր հարցին ուղղակի պատասխանել:
—Լավ, այդ մասին հետո, — ասաց նրան, աշխատելով հեռանալ նորանից, — առայժմ դու գնա սեղանը պատրաստիր, իսկ ես իջնում եմ խոհանոցը, հայրդ քաղցած է, պետք է ճաշ տալ նրան…
Այս ասելով նա սանդուղքից ցած իջավ, իսկ Մանիշակը գնաց սեղանը պատրաստելու:
Բայց այնտեղ Գրիգորին տանջում էին ուրիշ մտածմունքներ: Նա չգիտեր, թե ի՞նչ հնարներով պետք է կարողանար համոզել յուր կնոջը՝ յուր նոր հավատը ընդունելու: Նրա աչքի առջևից դեռ չէին հեռացել Մարիամի վշտահար դեմքը, նրա արտասվող աչքերը, նա դեռ լսում էր նրա աղաչանվոր ձայնը…
«Բայց ինչու՞ համար այս ամենը,— զարմացմամբ հարցնում էր ինքն իրեն նա, — ինչու՞ կորցնել իմ կնոջը, իմ երեխաաներին, իմ տան խաղաղությունը… Այս բոլորը որքան և ուրիշների համար փոքր բաներ լինեին այսուամենայնիվ նրանք կազմում էին իմ տան կատարյալ երջանկությունը: Բայց մի՞թե այսուհետև ես չեմ կարող դառնալ իմ առաջի դրությանը, մի՞թե չեմ կարող բոլորը մոռանալ և ճանաչել միմիայն իմ ընտանիքը…»:
Այս խորհրդածություններից ետ նա լռեց և նորեն ընկավ մտախոհության մեջ: Հազար և մի տեսակ մտածմունքներ պաշարել էին նրան: Նա տարուբերվում էր, երբեմն թեքվելով ի նպաստ յուր կնոջ և մերթ հակառակ: Նրա հոգին այնպես խռովվել և միտքը այնպես շփոթվել էր, որ երկար ժամանակ չէր կարողանում մի վճռական քայլ անելու: Երկար այս տարտամ դրության մեջ մնալուց հետո, վերջապես նա մտաբերեց պաստորին արած յուր հանդիսավոր խոստումը, քարոզչի ճանապարհին յուր հետ խոսածները, և բարձրանալով աթոռից բացականչեց —«Ոչ, այս կատարյալ խայտառակություն