Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կլինի, ես հրապարակապես խոստացա այն մարդուն «չարատավորել իմ անբիծ անունը», և ես կկատարեմ իմ խոստումը: Այլապես ինձ անհնար կլինի հրապարակ ելներ այն բազմաթիվ մարդկանց հետ, որոնք այնտեղ վկա էին իմ խոստման: Այստեղ կորչում է իմ առտնին երջանկությունը, իսկ այստեղ իմ անունը, վերջինը առավել արժանի է պաշտպանության»:

Այս հասարակ արհեստավորի մեջ այնքան բուռն էր պատվասիրության զգացմունը, որ նա յուր անփոխարինելի երջանկությունը գիտակցաբար զոհում էր նրան, որովհետև արել էր մի խոստում և պիտի անպատճառ կատարել նրան, այլապես նա իրեն կենդանի մեռյալ էր համարում: Խե՜ղճ մարդ, բայց դու չգիտեիր, որ նույնիսկ այդ քեզ որսացող և քեզնից խոստում առնող քարոզիչները հարյուր անգամ ավելի ստոր էին քեզնից այն զգացմանց մեջ, որոնց դու պաշտում էիր քո տգիտությամբ հանդերձ: Եվ թշվառությունն այն է, որ այդ ուռկանավորների ձեռքում դու պատվասիրության զոհերի վերջինը չէիր լինելու:

Գրիգորը յուր տարաբախտ վճիռը տվել էր արդեն, երբ Մանիշակը ներս մտավ և ճաշի հրավիրեց նրան: Նա առանց այլևայլության հետևեց յուր դստերը, մտադրված լինելով և ոչ մի դեպքում չհաղթահարվիլ յուր կնոջից:

Այսօր սեղանը բոլորել էին ընտանյաց բոլոր անդամաներ: Մարիամը գտնվում էր կատարյալ ուրախության մեջ: Նա մի համեմատություն էր անում այս և յուր անցյալ օրերի մեջ և հրճվում էր տեսնելով նրանցում շատ մոտ նմանություն: Նրա գորովը և խանդաղատանքը րոպե առ րոպե աճում էին թե՛ յուր ամուսնու և թե՛ որդկերանց վերա: Նա այժմ զգում էր, որ մայր և ամուսին էր: Սեղանի վերա, ամբողջ ճաշի ժամանակ նա գրեթե ոչինչ չկերավ, այլ կերակուրները հրամցնում էր կամ ամուսնուն կամ երեխաններին:

Գրիգորը նույնպես յուր կողմից իրեն ուրախ էր ձևացնում: Նա երբեմն-երբեմն կատակներ էր անում և ծիծաղում երեխանների հետ, թեպետ բռնի, իսկ երեխանները անընդատ շաղակրատում էին: Մի խաբուսիկ և վայրկյանական ուրախություն բոլոր գերդաստանի վերա կենդանոթյուն էր բերել...