Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ ճաշը վերջացավ, երեխաները դուրս գնացին խաղալու, իսկ Մանիշակը զբաղված էր սեղանը հավաքելով: Այդ ժամանկ Գրիգորը Մարիամի հետ առանձացավ իր սենյակը:

Մի քանի կցկտուր խոսքերից ետ Գրիգորը դարձավ կնոջը հետևյալ խոսքերով.

— Այսպես սիրով և խաղաղ ապրիլ լավ է, այնպես չէ՞ Մարիամ:

— Եվ դեռ հարցնո՞ւմ ես, — պատասխանեց Մարիամը: — Ի՞նչ էր երեկ մեր տան դրությունը և ի՞նչ է այսօր, էլ ի՞նչ հարկ կա ասելու, որ պետք է ամեն բան զոհենք միմիայն մեր տան այս խաղաղ դրությունը պահպանել կարողանալու համար:

— Շատ գեղեցիկ, մի երկու ժամ առաջ միևնույն բանն էիր ասում, և ես ավելացնում էի, որ մեր դրության բարվոքումը որքան ինձանից, նույնչափ էլ քեզանից է կախված: Եվ դու խոստացար ամեն բան անել, ինչ որ քեզ էր վերաբերվում:

— Այո՛, այժմ էլ խոստանում եմ:

— Լավ ուրեմն, լսիր, գիտես որ մենք միմիայն մեր մարմնո համար չենք ապրում, այլ մեր ստեղծող «տիրոջ» կամքն է և մեր էլ գլխավոր ցանկությունը պետք է լինի, որ մեր հոգու փրկության համար էլ ապրինք:

— Գիտեմ:

— Գիտե՞ս, որ մենք այս աշխարհ եկել ենք ոչ թե մեծ վայելչություններ քաշելու, այլ որքան ժամանակ ունինք աշխատելու մեր հոգևոր փրկության և հավիտենական կյանքին արժանանալու համար:

— Գիտեմ:

— Գիտե՞ս որ մեր հոգու փրկությունը ձեռք բերելու և հավիտենական կյանքին արժանանալու համար էլ մենք պետք է այս աշխարհում դիմանանք ամեն տեսակ նեղության զրկողությանց և չարչարանց, պետք է շատ անգամ մոռանանք մեր ազգականներին, մեր սիրելիներին և մինչև անգամ մեր անձը: Որովհետև տերն ասում է. «Ով որ չի թողնիլ