Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հովակիմ, մտածեցե՛ք մի րոպե, թե քանի՜֊քանի՜ թշվառներ ապրել և շնչել են քեզանով և թե դեռ քանիսին այսուհետև պետք է շունչ և հոգի տաք դարձյալ դուք։ «Չեմ կարող» ձեր բարի լեզվի վերա շատ խորթ է հնչվում, ի սեր աստծո, մի արտասանեք դուք նորան և մի հուսահատեցնեք մեզ…:

Պաստորի այս հաճոյախոսությունը սպասված ազդեցությունը արավ։ Նորա մանավանդ վերջին խոսքերը այն աստիճան գգվեցին աղա Հովակիմի փառամոլ ինքնասիրությունը, որ նա այլևս պաստորին դիմադրել չկարողացավ.

— Շատ լավ, շատ լավ, ես այդ մասին կաշխատեմ, — ասաց նա նորան,— դուք անհոգ կացեք։

— Շնորհակալ եմ, ով հասարակաց բարերար, բյուր անդամ շնորհակալ։ Դուք միշտ պիտի փառաբանվիք քանի կենդանի եք և ձեր հիշատակը պիտի օրհնվի դարերի ընթացքում, երբ դեպի հանդերձյալ կենաց երանությունը փոխվիք։

Այս ասելով պաստորը բարձրացավ աթոռից և մինչև գետին խոնարհվելով ողջունեց աղա Հովակիմիին և դուրս գնաց։ Փոքր ժամանակից ետ դուրս գնաց տանից և աղա Հովակիմը յուր գեղեցիկ ձիու վերա նստած, որին հետևում էր մի հետևակ ծառա։ Նոքա երկուսը միասին դիմում էին դեպի քաղաքի ներքին մասը։ Սորանից մի քանի ժամից հետո ոսկերիչ Գրիգորը քաղաքի մի զառիվեր փողոցով բարձրանալով դիմում էր պաստորի տունը։ Յուր լութերականություն ընդունելուց ետ առաջին անգամ էր, որ նա օրհնում էր հարստությունը և խոստովանում էր, որ ոսկին ամեն բանից զորեղ է...

Այս դեպքից ճիշտ տասն օր հետո, մեր լրագիրներից մեկի մեջ տպված էր հետևյալ լուրը. «Մեզ գրում են Շ. քաղաքից, որ այնտեղի հայ լուսավորչականները խմբովին հարձակվելով մի բողոքական արհեստավորի տան վերա, ծեծել և անպատվել են նրան՝ թե տան տիրոջը և թե նրա ընտանիքին և քարերով կոտորել են տան պատուհանները։ Ոստիկանությունը հասնելով հազիվ ազատել է կատաղի ամբոխի ձեռքից անմեղ զոհերին։ Այս լուրը յուր ժամանակին իհարկե վրդովել է ընթերցող հասարակության ազնիվ մասի սրտերը և նրանց զայրույթը վառել այդ մոլեռանդ հայ լուսավորչականների դեմ»։ Սակայն իմ ընթերցողները տեսան,