Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատաղաբար շարժում օդի մեջ յուր բռունցքները կարծես յուր առաջ մենամարտողների բանակ ուներ կանգնած. և երբեմն հուսահատ և սրտաբեկ գլուխը խոնարհում էր կուրծքի վերա և այնպես մնում երկար ժամանակ: Վերջապես նա նորեն սկսավ ինքնիրեն շշնջալ.

«Բայց մի՞թե ես մեղավոր եմ. մի՞թե ես գիտությամբ արի այդ ամենը. երբե՛ք: Ես մինչև այժմ էլ չգիտեմ, թե ինչպես եղավ, որ այդ խաբեբաների որոգայթի մեջ բռնվեցա, չգիտեմ ինչպե՞ս եղավ, որ իմ Մարիամին, իմ երեխաներին մոռացա, այո, ես ոչինչ չգիտեմ. այդ ամենը ինձ համար բոլորովին անհասկանալի ձևվով կատարվեցան, այո՛, անհասկանալի, ես ոչինչ չիմացա, ես ոչինչ չզգացի, այդ դևերը ինձ կախարդեցին, այո, ես մեղավոր չեմ…»: Այս ասելով նա լռեց մի փոքր ժամանակ և հետո նորեն սկսավ.

«Բայց ինչպես թե մեղավոր չեմ. ես չէի որ երբ առաջին անգամ կամենում էի գնալ այն խաբեբա Կարոյի տունը և Մարիամը եկավ ինձ արգելելու. նա բռնեց իմ ձեռքից, նա խնդրում աղաչում և արտասվում էր, որ ես նրա մոտ գայի, բայց ես ո՜հ ես՝ անզգամս վայրենությամբ մի կողմ բերեցի նրան և դուրս փախա… Ես չէի՞, որ չորս տարի շարունակ տանջեցի նորան՝ արգելելով կատարել յուր հավատո վերաբերյալ պարտավորությունները և վերջապես ես չէի՞, որ սպանեցի նորան և նորա հետ էլ իմ երկու զավակներին…»:

Այսպես խոսելով նա վեր թռավ նստած տեղից և շարունակեց հուսահատ կատաղությամբ.

«Ո՛չ, ո՛չ, ապրել այսուհետև անկարելի է, և ում համար պիտի ապրեմ. Մարիամը մեռավ և տարավ յուր հետ աղջիկս և որդիս. մնում են երկու փոքրիկներս. թող նոքա էլ թշվառանան… իմ բարեպաշտ հայրը անշուշտ իր գերեզմանում անիծեց ինձ իմ անիրավությանց համար. ուրեմն իմ անունը պիտի ջնջվի. իմ տունը հիմովին պիտիի կործանվի որպեսզի իմ պատիժը կատարյալ լինի այո ես արժանի չեմ աստծո արևը տեսնելու նորա օդը շնչելու և ես փոխանակ քարոզչի գլուխը պատին զարկելու ինչո՞ւ իմը չեմ զարկում»: