Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նավակ չեմ գտնիլ քաղաք դուրս գալու համար և կամ միայնակ մնալով թանկ կվճարեի նավակին, բայց ինչպես երևում է սուրբ Տիրամոր աչքը քաղցր է յուր ծառայի վերա և նա ձեզ նման մի բարի երիտասարդին ընկեր տվավ ինձ։

Ես տեսա որ իմ անծանոթը բնական դրության մեջ չէր, բայց ցանկանալով մի բանով վարձատրել նրա հաճոյախոսությունը մեքենայաբար հարցրի.

— Ինչո՞ւ համար էիք ուշացել շոգենավում։

— Օ, դրա պատմությունը խիստ հետաքրքիր է. ես իսկույն կասեմ ձեզ։ Նավապետը առանձին ճաշ էր պատրաստել յուր սենյակում և ինձ հրավիրել էր։ Մենք շատ լավ ճաշեցինք, պետք է խոստովանել, և շատ երկար նստանք սեղանի շուրջը։ Երևակայեցեք. ժամը մեկից սկսած մինչև այժմ մենք խմում էինք, և գիտեք որքան շատ խմեցինք... օ՜, երևակալել չեք կարող։ Շատ պատվական մարդ է նավապետը, դուք ծանո՜թ եք նրա հետ:

— Ո՛չ,— պատասխանեցի ես։

— Ափսոս, շատ ցավում եմ, պետք է որ ծանոթանայիք. նա շատ մարդ պատվական է և զարմանալի հյուրասեր։ Գիտե՞ք. Նա յուր մառանի ամենալավ գինին էր հանել ինձ համար, և ի՜նչ գինի, կարո՞ղ եք միթե երևակայել։ Ես նրան ասում եմ, Իվան Պավլովիչ, շատ մի խմացնիր ինձ, ես կարող եմ հարբել և նավակից գլորվիլ ծովի մեջ, բայց նա այս խոսքի վերա ծիծաղից թուլանում է և անդադար նեկտարը լցնում է բաժակիս մեջ։ Իհարկե, նա գիտեր, որ ես հարբողը չեմ, բայց ինչ որ էլ որ լինի, հոգևորականը մի քիչ չափավոր պետք է լինի արբեցության մեջ, այնպես չէ՞։

Վերջին խոսքերը, որ նա շատ ցած և խորհրդավոր ձայնով արտասանեց, ինձ զարմացրին։

— Ինչպե՞ս, մի թե դուք հոգևորական եք, — շտապով հարցրի ես։

— Իհարկե. մի՞թե դուք չգիտեիք։ Ես քահանա եմ, և ինձ անվանում են պատեր-Սիմոն։

— Քահանա՞ ...— զարմացմամբ հարցրի ես և աչքերս սևեռեցի նրա դեմքին։