Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի անգամ էլ զգաց յուր անզորության չափը և գլուխը խոնարհեց։

Բայց Թովմասի սիրտը թունդ ելավ. լսված նորությունից առաջացած ուրախությունը այնպես հուզեց նրան, որ քիչ էր մնում ինքն իրեն մատներ։ Այսուամենայնիվ նա կարողացավ զսպել յուր անհանգստությունը և կեղծ անհոգությամբ «անօգուտ գործ է» ասելով' վեր կացավ տեղից և մտավ խանութ։

Ուրիշ անգամ նա իսկույն ուշադրություն կդարձներ այդտեղ մտնող ամեն մի հաճախորդին և ինքը կվաճառեր նրան պահանջած ապրանքը, բայց այս անգամ, ի մեծ զարմանս յուր գործակատարների, նա անուշադիր թողեց մի մարդու, որ մեծ գումարի ապրանք էր գնում և նրա հետ առևտուր անողը մի գործակատար էր։

Միմյանց մեջ բացված եռաչյա խանութի երկարությամբ Թովմասը անցուդարձ էր անում լուռ և մտախոհ։ Նա կամենում էր մի փոքր ավելի համբերությամբ քննել ու կշռել Սիգոյի հայտնած նորության արժեքը։

Երբ գնողը դուրս գնաց, նա արդեն եկել էր մի որոշ եզրակացության։ Ստանալով գործակատարից վաճառված ապրանքի փողը, և սնդուկի մեջ փակելով, նա կանչեց գործակատարներից մինին։

— Միքել,— հրամայեց նա,— վազիր շուտով Միկիթ-բեկի մոտ և ասա՛ նրան իմ կողմից, որ դատարանը արձակելուց ետ շնորհ բերե մեզ մոտ ճաշին. ես տանը պիտի սպասեմ նրան։ 

Վերջին բառը դեռ չէր արտասանել աղան, երբ Միքելը դուրս թռավ խանութից։

Այդպես էր սիրում պարոն Թովմասը։— «Հրամանը դեռ չլսած՝ պետք է կատարել»,— ասում էր նա. որովհետև նա հավատում էր, որ «մի կորցրած վայրկյան մի գտած տարիից ավելի է»։

Միքելի գնալուց ետ նա վերցրեց իրեն հետ խանութի ծառային և տանելով նրան նպարավաճառների հրապարակը, յուր ձեռքով գնեց այդտեղ մի քանի «ավելորդ բաներ», որոնք միշտ նորություններ էին համարվում յուր սեղանի համար,