Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ, ես կամենում եմ, որ դու ինձ կրկնես քո մեղադրանքը. մի՞թե, ուրեմն, ես եմ փչացրել Նատաշին։ —

—Չէ, սիրելիս, դու ի՞նչ մեղավոր ես. ես եմ մեղավոր, որ նրան քո հույսով թողեցի։

— Դու էլի նույնն ես կրկնում, անգութ,— ճչաց տիկինը լացի ձայնով,— ուրեմն էլ ավելորդ է, որ ես ապրեմ քեզ մոտ, որովհետև ես փչացնում եմ քո աղջկանը…— Այս ասելով Անիչկան հեռացրեց իրենից մրգի ամանը և սկսեց հեկեկալ։

— Օ՜, այդ չափազանց է, այդ երեխայություն է, հանդարտվի՛ր. ես կատակ արի. իհարկե, դու ի՞նչ մեղավոր ես, որ Նատաշան այդպես հիմար աղջիկ է. դու հո՛ քո որդու թշնամին չես.— քաղցրությամբ սկսեց ամոքել կնոջ սիրտը Մելքոն-աղան։

— Չէ, այդ առաջին անգամը չէ,— վրդովված խոսեց Անիչկան.— դու մի քանի անգամ էլ միևնույն տեսակ նկատողություններով վիրավորել ես իմ սիրտը. ես եմ հիմարը, որ քո պակասությունների, քո անվայել վարմունքների մասին ոչինչ չեմ խոսում, լռում, պապանձվում եմ. ի՞նչ կանեիր, եթե քո արածներից հենց միայն մեկը լույս աշխարհ հանեի…

Մելքոն-աղան տեսավ, որ մեծ սխալմունք է գործել միջընտանեկան պայմանի դեմ մեղանչելով. ախր չէ՞ որ երկու ամուսիններն էլ իրենց սեփական պակասություններն ունեին և հենց դրա համար նրանք պարտավորվել էին փոխադարձաբար չտեսնել միմյանց թերությունները։ Ի՞նչ իրավունքով, ուրեմն, ինքը այդ նկատողությունը արավ Անիչկային։ Այժմ էլ եթե նա սկսեր իրեն հայտնի գործերի մասին նկատողություններ անել, դա խո՞ կատարյալ խայտառակություն կլիներ։ Հարկավոր էր, ուրեմն, փակել խնդիրը, ինչ միջոցով էլ որ լիներ։

— Ա՛նիչկա, հո՛գյակս դու մի նեղանար, որ ես երբեմն-երբեմն ակամա սխալմունքներ եմ գործում, ես երբեք էլ քեզ վիրավորելու ցանկություն չեմ ունեցել։ Ի՞նչ անեմ, անիծվի Նատաշան. նա այնպես հիմարություն արավ, որ ինձ սաստիկ վրդովեց։ Ախար ի՞նչպես կարելի է կեղտոտ ջուրը ծաղիկների ածուի վերա թափել։ Այդ բանում, իհարկե, ոչ դու