Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես մեղավոր և ոչ ես. երբ աստված կամենում է մեկին պատժել՝ նրան այս տեսակ ժառանգ է տալիս։ Ուրեմն ներիր ինձ, հոգիս. ներիր, ես ակամա վիրավորեցի քեզ։

Տիկինը լուռ էր և ոչինչ չէր խոսում. բայց նրա ինքնասիրությունը ըստ երևույթին գոհություն էր ստացել ամուսնու զղջումը տեսնելով. երկու մեղմ խոսքեր էլ՝և Անիչկան կներեր յուր ամուսնուն։

— Դու չե՞ս խոսում ինձ հետ, Անիչկա, — քաղցրությամբ կրկնեց Մելքոն-աղան.— բայց չէ՞ որ ես ներողություն խնդրեցի։

Տիկինը ծանրությամբ բարձրացրեց աչքերը, մի ներող հայացք ձգեց յուր ամուսնու վերա և ժպտաց։ Այդ նշան էր, որ, ուրեմն, հաշտությունը տեղի ունեցավ։ Մելքոն-աղան սեղմեց կնոջ ձեռքը ի նշան շնորհակալության։

— Բայց ի՞նչ պիտի անենք վերջապես այս աղջկան,— կամացուկ ձայնով շշնջաց Անիչկան ամուսնու ականջին, երբ նրանք թև ի թև մտան կրկին ծառուղիների մեջ։

— Այդ աղջկա՞ն… այո՛, այդ հարցը ուշադրության արժանի է։ Քանի որ Նատաշան մեր տանն է, նա մեզ միշտ կվրդովե. պետք է հնար մտածել մի կերպով նրան ամուսնացնելու։

— Բայց ո՞ւմ հետ ամուսնացնել. ո՞վ կհոժարի նրա հետ ամուսնանալու. գեղեցկությունից՝ գեղեցկություն չունի. շնորհքից՝ շնորհք չունի. խելքն էլ հո՝ աստված տա։ Ինչ ասես, որ ես դրա համար չեմ արել. ինչ նեղություն ասես, որ ես չեմ կրել, ռուսերեն սովորեցրել եմ, ֆրանսերեն սովորեցրել եմ, մուզիկ սովորեցրել եմ. լավ հագցրել եմ, լավ ապրեցրել եմ, էլ ի՞նչ պետք է անեի. երբ որ աստված խելք չէ տվել, ես հո չէի կարող նրա գլխի մեջ զոռով խելք էլ թափել։

— «Երբ դու ինքդ չունիս այդ խելքը, որտեղի՞ց կարող էիր նրա գլխի մեջ թափել»,— խոսեց ինքը յուր սրտում Մելքոն-աղան և ընկավ մտատանջության մեջ։ Նա մտքով թռավ դեպի հեռու անցյալը, դեպի այն բախտավոր օրը, երբ վեց արու զավակներից հետո աշխարհ եկավ Նատալիան, և լցրեց