Ամառային ամենագեղեցիկ օրերից մեկն էր։ Ժամը տասը դեռ չլրացած, ուսանողները լցվել էին արդեն Պետրոսի փոքրիկ սենյակը։ Այդ օրը նա խնդրել էր յուր տանտիրուհուց զիջանել յուր տան առաջ գտնվող պարտեղը, որ թեպետ ընդարձակ չէր, բայց խնամված էր մեծ ուշադրությամբ, և ուսանողների հացկերույթի համար մի ամենահարմար գեղավայր կարող էր լինել։ Թույլտվության հրամանը դեռ ստացված չլինելով, ուսանողները առժամանակ խառնվել էին Պեսրոսի փոքրիկ բնակարանը և լցրել նրան ծխախոտի թանձր մուխով, որ ամպի պես կանգնել էր առաստաղի վերա և հանդիպակաց պատուհանների թափանցող քամին անգամ չէր կարողանում ցրել նրան։
Ժամը տասնևմեկին թույլտվության հրամանը եկավ, և ուսանողները ուրախությամբ դուրս թափվեցան իրենց վանդակից և երգելով ու կայտոելով ներս խուժեցին տանտիրուհու պարտեզը։
Շուտով որթապատ հովանոցի տակ բացվեցավ երկարաձիգ սեղանը և ուսանողներից մի քանիսը Պետրոսի առաջարկությամբ սկսան կարգավորել նրան։ Մեր ուսանողների ճաշը համադամներից չէր կազմված, հաց, պանիր, կանաչեղեն, երշիկներ և խորոված—այս էր նրա խորտիկների ամբողջ ցուցակը. բայց ուտելյաց համեստության հակառակ գինին շատ առատ էր։ Քսանևչորս հոգու համար պատրաստված էր երեք վեդրո գինի, այսինքն յուրաքանչյուր ուսանողի համար երկու շիշ։ Սա արդեն Հիպոկրատի նշանակած թվի կրկնապատիկն էր, սակայն ուսանողների համար՝ ամենաբնական չափը։
Ժամը մեկն էր, երբ ուսանողները ճաշի նստան։ Չնայելով տեսակների սակավության, սակայն ամեն բան առատ էր։ Հացը բլրակներ էր ներկայացնում սեղանի վերա, պանիրը ձյունակույտ, կանաչեղենը թփիկներ, երշիկներին թիվ չկար. իսկ խորովածի շամփուրները անընդհատ հաջորդում էին միմյանց։ Սրա վրան էլ ավելացրեք քառասունևութ շիշ գինի և ուսանողների միշտ ուրախ տրամադրությունը, նրանց աղմուկն ու ծիծաղը, նրանց կատակներն ու երգերը և դու ճիշտ գաղափար կունենաք ուսանողական ճաշի վերա