Բայց ի՜նչ ախորժակ ուտելու համար, ի՜նչ անկեղծություն խմելու մեջ… Օ՜, եթե գիտենայիր, թե ո՜րչափ երջանիկ ես դու ուսանող աշխարհ… եթե գիտենայիր, թե քանի՜-քանի՜ բախտավորներ, հարստությամբ ու փառքով պերճացած մարդիկ, հասարակության հիացման ու երանության արժանացած ընտանիքներ փափագում են վայելել գոնե մեկը ա՛յն օրից, որոնք քո կյանքը, քո տարիներն են կազմում։
Այո՛, ուսանողնե՛ր, երբ դուք կթողնեք այդ սրբազան տաճարաները, որոնց հարկի տակ տեսականապես սովորեցնում էին ձեզ ապրել, այն ժամանակ դուք կհամոզվեք, որ ապրել ոչ այլ ինչ է, թե ոչ՝ տանջվել, որ ապրել նշանակում է քիչ-քիչ մեռնել: Վայելեցեք, ուրեմն, այդ կյանքը, որքան կարող եք. մի՛ շտապեք դեպի մեր աշխարհը. այստեղ ամեն բան փայլուն և գեղեցիկ է երևում. մինչև անգամ բազեների կտուցները, որոնք թաթախված են ճնճղուկների արյան մեջ… բայց բոլոր այդ փայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ թշվառության ոսկեզօծ կեղևներ։ Աշխատեցեք, ուրեմն, երկար ապրել ձեր գաղափարական աշխարհում, որովհետև իրական կյանքը մի դժոխք է, միայն դևերն են կայտռում…
Բայց մենք շարունակենք մեր պատմությունը։
Երբ սեղանի վերա կենացները սկսան բոլորել և հերթը հասավ օրվան հերոս Պետրոս Մարալյանի կենացին, վերջինս վերցրեց շնորհակալության բաժակը, կանգնեց սեղանի առաջ և սկսավ խոսել.
— «Պարոններ, ես կարծում եմ այս վերջին անգամն է, որ ես բոլորիդ հետ միասին գտնվում եմ ուսանողական սեղանի վերա։ Թեպետ կցանկանայի վայելել այս հաճույքը տարվա մեջ գոնե մի քանի անգամ, որովհետև այժմյանից իսկ զգում եմ, թե որքան ծանր պիտի լինի ինձ համար բաժանվել ձեզանից, ա՛յն ընկերությունից, որի մեջ այնքան երկար ապրել եմ ես, որի մեջ այնքան սեր և անկեղծ բարեկամություն եմ գտել ես… Բայց ճշմարիտ իրողությունը այն է, որ այս բաժանումը տեղի պիտի ունենա և ես ընդմիշտ պիտի զրկվիմ ձեզ բոլորին միանգամ էլ միասին տեսնելու բախտից։ Աշխարհի մեջ հավիտենական քաղցրություն չկա. ամենասերտ միություններն էլ ունին իրենց բաժանումը,