Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանգնում են ճանապարհի կիսում, և նրանց գործունեությունը նմանում է այն ծաղկի կոկոնին, որ չորանում է դեռևս չբացված։ Բոլորը գիտեն, որ կյանքի վշտերն ու դառնությունները քաղցրացնողը հույսն է, իսկ հույսը ապրում է այն մարդկանց մոտ, որոնց սրտում կորով կա։ Հետևապես եթե կորովն է այն մեծ ուժը, որ տաղանդը հանճարի է փոխում, որ ամենածանր գործերին հոգի ու կյանք ներշնչում, որ ազատում է մարդուն մտքեր հիվանդացնող տենչանքներից, որ մղում է նրան դեպի դրական գործունեություն և սովորեցնում է քաջությամբ համբերել և փառքով հաղթանակել, ապա ուրեմն սիրենք այն գործը, այն պարապմունքը, որ զորացնում է մեր մեջ կորովը — հոգեկան ուժը։ Այդ պարապմունքը, պարոններ, արհեստն է, և մեքենայագիտությունը, ինչպես գիտեք, պատկանում է նրա ճյուղերից մինին։ Բայց թե ինչո՞ւ համար եմ ես արհեստի այդ ճյուղը գերադասում, կարծեմ ձեզ համար էլ հասկանալի է։ Մինչև այժմ մեր բոլոր խոսակցությունը պտտում էր շահու և օգտի շուրջը․ հետևապես, այդ տեսակետից նայելով գործի վերա, պետք է ընդունել, որ այսօրվան օրս մեքենայագիտությունը արհեստի բոլոր ճյուղերի մեջ առաջինն է, իբրև շահավոր մասնագիտություն։

Դուք տեսնում եք, թե ինչպե՜ս օրըստօրե բազմանում են շոգենավերը, երկաթուղիները, գործարանները, և մեքենայագիտության վերաբերյալ ուրիշ բազմաթիվ գործերը, իսկ այդ բոլորի համար լապտերով են պտրտում հմուտ մեքենայագետին։ Բացի առատ վարձատրությունը, որ նա ստանում է ամեն տեղ իր աշխատության համար, միևնույն ժամանակ նա վայելում է մի քանի ուրիշ բարիքներ, որոնցից զուրկ են թե՛ իրավաբանը, թե՛ երկրաչափը և թե' ճարտարապետը։ Մեքենայագետը, իբրև արհեստավոր, հոգեպես միշտ առույգ և զվարթ է. նա գոհ է յուր պարապմունքից և աշխատությունից, որոնք երբեք չեն դավաճանում նրա հույսերը. նա գոհ է յուր վիճակից, որովհետև կարոտության երկյուղը անծանոթ է նրան, նրա սիրտը խաղաղ և խիղճը հանգիստ է, որովհետև յուր անձնական օգտի համար չէ խաբում և չէ զրկում մի ուրիշին և կամ յուր գոյությունրը պահպանելու