Էջ:Muratsan, vol. 2.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց ինքը` պարոն Մաշտոցյանը` շատ ուրախ չէր այդ պատիվները ստանալով, որովհետև այդ բոլոր ոչնչությունների համար նա ստիպված էր փող վճարել։ Հոգնեցնում էին նրան մանավանդ բարձրաստիճան պաշտոնակալների մտերմական գրությունները, որոնք անընդհատ նրա քաջառողջության մասին տեղեկություններ էին հարցնում, իսկ ստորագրությունից առաջ կամ Հ. Գ.-ից ետ փող պահանջում երկու օրով կամ շատ-շատ մի շաբաթով—պայմանաժամ, որ երբեք չէր լրանում…

Շատ անգամ պարոն Մաշտոցյանը զայրանում էր ինքն յուր վերա, որ մի դատարկ փառասիրության շնորհիվ կապվել էր այդ բյուրոկրատ մարդիկների հետ, որոնք իրենց անխիղճ պահանջներով հանգստություն չէին տալիս իրեն, բայց երբեմրն էլ մխիթարվում էր, երբ նրանց աջակցությամբ խլում էր յուր մի զորեղ հակառակորդներից մի օգտավետ կապալ կամ մի պատվաբեր հանձնարարական։

Առևտրական տեսակետից նայելով գործին, հարկ չկա ասել, որ Մաշտոցյանը վնաս չէր անում այդ զոհաբերությունների մեջ. ըստ որում, մեկի փոխարեն ստանում էր հինգ կամ տասն, մանավանդ պարտավորված աստիճանավորը միշտ երախտահատույց է լինում երկյուղը միայն ապագայի մասին էր` այսինքն երբ այսօրվա աստիճանավորը վաղը պաշտոնաթող լինելով կշարունակեր ձանձրացնել իրեն, առանց փոխարինել կարողանալու:

Բայց ինչևէ, այս բոլոր կողմնակի հաշիվներն ի մի գումար առած, դարձյալ տարվա վերջում Մաշտոցյանի զեն և շահու կշիռը չէին ծանրացնում. հաջողակ առևտրի օգուտը ծածկում էր ընդհանուր Ծախուց մեծությունը և Դրամագլխի գումարը հաստանում էր օրեցօր։

Այսպիսի հաջողակ հանգամանքներում առհասարակ զարթում է երիտասարդների մեջ ամուսնանալու ցանկությունը, թեպետ նա ձախորդության ժամանակ էլ քնած չէ լինում երիտասարդների սրտերում, այս պատճառով և պարոն Արսեն Մաշտոցյանը վերջին ժամանակները սկսել էր ողորմածաբար ականջ դնել յուր մերձավորների խրատին, որով նրրանք ստիպում էին նրան ամուսնանալ։ Երիտասարդի «հոգին