ինձ վերադառնալ ձեզ մոտ, որովհետև, ինչպես գրում էիք, «կարևոր և անհետաձգելի նորություն» ունեիք ինձ հաղորդելու, և սպասում էիք ինձ։ Ձեր հրամանր ես կատարեցի․ և այժմ, ինչպես տեսնում եք, ես ահա ձեզ մոտ եմ։ Հայտնեցեք խնդրեմ. ի՞նչ կարևոր և անհետաձգելի նորություն ունիք ինձ հաղորդելու։
Հորեղբայր Թովմասը ծանր կերպով շարժվեցավ բազկաթոռի մեջ, ոլորեց մի անգամ յուր շնորհալի ընչանցքը և ծանրությամբ պատասխանեց.
— Շատ շնորհակալ եմ, Պետրե, որ դու լսել ես իմ հրամանը և վերադարձել այստեղ։ Ես էլ, որդի, միայն քեզանով եմ ուրախ, և այնքան որ չարչարվում, տանջվում եմ, բոլորը քեզ համար է։ Այժմ ես կբացատրեմ, թե ինչո՞ւ համար եմ կանչել քեզ այստեղ։
— Տեսնո՞ւմ ես, որդի, ես արդեն ծերացել եմ․ մազերիս մեծ մասը սպիտակել է, և այսօր կամ վաղը գերեզման պիտի իջնեմ։ Հիսունից ավել տարիք ունեցողը ծեր է համարվում, իսկ ես արդեն վաթսունի մոտ եմ։ Ցանկանալով քանի աչքս բաց է քեզ բախտավոր տեսնել, ես քեզ կանչեցի այստեղ ամուսնացնելու համար…
— Ինչպե՞ս, ամուսնացնելու համա՞ր…— զարմացած հարցրեց Պետրոսը։
— Այո՛, որդի, ամուսնացնելու համար, և ի՞նչ, մի՞թե շնորհակալ չես։
— Ձեզանից ես միշտ եմ շնորհակալ, սիրելի հորեղբայր, բայց ամուսնանալը ինձ համար դեռ շատ վաղ է. ես դեռ երեխա եմ, ես դեռ իմ ուսումը չեմ ավարտել…
— Դրանք դատարկ բաներ են, դու ոչ միայն երեխա չես, այլ մինչև անգամ մի քիչ էլ ավելի ես մեծացել. իսկ շատ ուսում առնելը քո ինչի՞ն է հարկավոր։ Ուսումը թող նրանք առնեն, որոնք ստիպված են ուսման միջոցով փող աշխատելու. իսկ դու, փառք աստուծո, այնպիսի հարստություն ունիս, որ կարող է քեզ առանց ուսման էլ անկարոտ ապրեցնել։ Եվ վերջապես ինչի՞դ է հարկավոր համալսարանը. գիմնազիոնական ուսումն էլ մեծ ուսում է։
— Չէ, հորեղբայր, այդպիսի դիտավորությունը իմ