Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին վաղաժամ է. ես մինչև որ իմ ուսումը չավարտեմ համալսարանում, ամուսնանալ չեմ կարող։

— Անկարելի է, Պետրե, դու պետք է ամուսնանաս, որովհետև ես արդեն աղջիկն ընտրել եմ և աղջկա հորը ամենապատվավոր խոսք եմ տվել, դու չպետք է ստիպես քո հորեղբորը դրժել յուր խոստմանը։

— Ես ամեն բան կանեմ ձեր պատիվը բարձր պահելու համար, բայդ ամուսնանալ այս հասակում, ես չեմ կարող։

— Բայց ես քեզ ասում եմ, թե աղջիկն արդեն ընտրել եմ։

— Ես այդ լսեցի։

— Թե աղջկա հորը պատվավոր խոսք եմ տվել։

— Այդ էլ լսեցի:

— Ուրե՞մն։

— Ես չեմ կարող ձեր առաջարկությունն ընդունել։

— Գժվե՞լ ես, թե՞ կատակ ես անում։

— Շատ լրջությամբ եմ խոսում։

— Չէ, որդի, չէ, դեռ անփորձ ես, դեռ խելքդ բան չէ կտրում, ես ինչ որ կասեմ քեզ, դու էլ այն կանես։

— Տեսնո՞ւմ եք, դուք ինքներդ եք ասում, որ ես անփորձ եմ, որ խելքս բան չէ կտրում, ուրեմն սպասեցեք դեռ մի քանի տարի էլ, երբ իմ ուսումը ես կավարտեմ, այն ժամանակ արեք ինձ հետ, ինչ որ կամենում եք։

— Չէ. որդի, հիմա ամենալավ ժամանակդ է, ես էլ էսօր-էգուց արի, որ այս հասակին հասա․ քանի ջահիլ ես, շուտ արա պսակվիր, թե չէ երկու տարի չի անցնիլ, մեկ էլ կտեսնես, որ ինձ նման վաթսուն տարեկան դարձար… Պսակվելը լավ բան է, որդի, պսակվիր և չես փոշմանիլ։

— Այդ բոլորը ես հասկանում եմ, բայց դեռ իմ ժամանակը չէ, ես ավելի լավ կհամարեմ իմ ամբողջ կյանքում ամուրի մնալ, քան թե ուսումս չավարտած ամուսնանալ։

— Տո՛ մարդ աստծո, դեռ մի հարցրու, թե ի՞նչ մարդու աղջիկ եմ ուզում քեզ համար։

— Այդ միևնույն է, երբ որ ես ամուսնանալու կամք չունիմ, թեկուզ թագավորի աղջիկ լինի ուզածդ։