Էջ:Muratsan, vol. 2.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդ Նատալիան հագնված էր առավել մանկական քնքշությամբ։ Նա ուներ բաց վարդագույն, բայց նույնպես մետաքսյա շրջազգեստ, զարդարված սպիտակ հյուսկեններով, բայց ավելի կարճ տարազով, որի տակից երևում էին նրա փոքրիկ սոլերիկները` կարած սպիտակ ատլասից և զարդարված վարդագույն կոճակներով։ Նրա գլուխը սանդրված և հարդարված էր նույնպիսի խնամքով, ինչպես և յուր մորը։ Մի քանի դեղձան հյուսեր գեղեցիկ գանգուրներով իջնում էին նրա ուսերի վերա, իսկ փոքրիկ խոպոպիկները, որոնց շաղապատում էր մարգարտյա մի շարոց, հովանավորում էին նրա ճակատը ինչպես մի արվեստական պսակ։ Համաչափ մեծությամբ մի քանի ադամանդներ, որոնցից երկուսը փայլում էին օրիորդի ականջների մեջ, երկուսը աջ բազկի և մնացածները կուրծքի վերա, լրացնում էին օրիորդի գեղեցիկ զարդարանքը։

Միով բանիվ մայր և աղջիկ, ինչպես բուն գավառացիներ, պճրված էին կարծես մի շքեղ պարահանդեսի համար, որի մեջ դժբախտաբար միակ ասպետը խեղճ Պետրոսն էր:

Մելքոն-աղան յուր շնորհալի պերճախոսությամբ ծանոթացրեց Պետրոսին յուր կնոջ և աղջկա հետ, հայտնելով միևնույն ժամանակ յուր անսահման ուրախությունը այն թանկագին բարեկամության համար, որ պիտի սկսվեր այդ արժանավոր ծանոթությամբ։

Շուտով տիկին Անիչկան, ինչպես ուշադիր տանտիկին, միջոցներ գտավ խոսակցությունը հետաքրքիր անելու։ Յուր փեսացուի ողջությունը հարցնելուց հետո նա ցանկություն հայտնեց լսելու նրանից Թիֆլիսի կանանց կենցաղավարության վերաբերյալ զանազան տեղեկություններ։

Պետրոսը, որ տիկին և օրիորդ Խալաթյաններին տեսնելու րոպեից արդեն, առանց մի որոշ պատճառի, մի տեսակ անզգայության մեջ էր մտել և յուր շուրջ պտտող ամեն երևույթ երազ և ցնորք էր համարում, վերջապես սթափվեցավ յուր թմրությունից և զգալով յուր անբնական դրության տգեղությունը, հավաքեց յուր ուժերը և սկսավ տիկնոջ հետաքրքրությունը գոհացնելու վերա ուշադրություն դարձնել։

— Ինչպիսի՞ տեղեկություններ եք կամենում, որ ես