Էջ:Muratsan, vol. 2.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հաղորդեմ ձեզ Թիֆլիսի կանանց վերաբերյալ,— հարցրեց Պետրոսը տ. Անիչկային։

— Ինչ որ առհասարակ գիտեք։

— Ես շատ բան գիտեմ. բայց թե ո՞ր բանով դուք ավելի կհետաքրքրվեք՝ այդ ես չգիտեմ։

— Այ, զորօրինակ ես կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս են հագնվում այնտեղ հարուստ դասի կանայքն ու աղջիկները, ինչ տեղեր են ավելի հաճախում, կլուբները գնո՞ւմ են, թե ոչ, պարահանդեսներ շա՞տ են սարքվում և այլ այսպիսի բաներ։

— Ձեր այդ տեսակ հետաքրքրությունը, տիկին, ես հազիվ թե կարողանամ գոհացնել,— պատասխանեց Պետրոսը,— այն շրջաններում, ուր կանայք հետաքրքրվում են ավելի հագուստներով, այցելություններով, կլուբներով ու պարահանդեսներով, ես շատ քիչ եմ գտնվել. ուրեմն իմ տված տեղեկություններն էլ շատ հարուստ լինել չեն կարող։

— Բայց էլի ասացեք մի քանի բան։

— Եթե կամենում եք՝ շատ լավ։ Այն կանայք, տիկին, և այն աղջիկները, որոնք երբեք չեն հետաքրքրվում տնային գործերով, որոնք փախչում են խոհանոցից, ինչպես դժոխքից, որոնք չգիտեն, թե ծառան օրական որքանի՞ պաշար է. առնում իրենց համար, և որքա՞ն է գողանում յուր համար, որոնք կարելն ու գործելը ստոր պարապմունք են համարում, որոնք երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կամ աղախիններին են թողնում և կամ վարձկան ու օտար վարժապետներին, այն կանայք, որոնք զբոսանքի ու զվարճության համար են միայն ապրում, իսկ ամուսին, մայր և տանտիկին լինելու ոչ շնորհք և ոչ ձգտումն ունին, այդպես կանայք, տիկին, ինչպես այստեղ, այնպես էլ Թիֆլիսում, միշտ իրենցով են զբաղված. հագուստի վերջին տարազները դեռ ճանապարհին՝ իրենք հագնում են Թիֆլիսում. այդ հագուստներով այցելում են բարեկամներին, հաճախում են կլուբներ, կոնցերտներ, պարահանդեսներ…

— Օ՜հ, այդ ինչպես լավ է. դուք ասում եք, որ հագուստի տարազները դեռ ճանապարհին՝ իրենք նրանց ձևով հագնում են, հա՞: