Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զբաղեցրին, որ տիկինը իրավունք ուներ այդքան փոքր բանի վերա ուշադրություն չդարձնելու։

— Շնորհակալ եմ, դուք ինձ հասկանում եք,— ասաց տիկինը.— բայց էլի մի փոքր եթե մնայիք՝ շատ ուրախ կլինեի։

— Ոչ, ոչ, մեծապես շնորհակալ եմ ես, մանավանդ ուրիշ տեղ այցելության պիտի գնամ, խոստացել եմ,— վճռաբար հայտնեց Պետրոսը և ձեռքը պարզեց տիկնոջը։

Վերջինս էլ չընդդիմացավ և քնքշաբար սեղմեց յուր ապագա փեսացուի ձեռքը։

Պետրոսը նույնպես ողջունեց օրիորդին, նրա հորը ու դուրս գնաց։

Բայց Թովմասը մի քանի րոպե ուշացավ բարեկամների մոտ։

Մելքոն-աղան հետաքրքրվեցավ իմանալու, թե արդյոք հավանե՞ց Պետրոսը յուր Նատաշին և կամ ե՞րբ կլինի պաշտոնական նշանադրությունը։

Թովմասը, որ առաջին հարցին որոշ պատասխան տալ չէր կարող, երկրորդի մասին էլ ոչինչ չասաց. միայն խոստացավ հետևյալ օրը վերջնական պատասխան բերել երկու հարցի համար էլ։

ԻԳ

ՄԻԱԿ ԱՊԱՎԵՆԸ

Վերադառնալով տուն, Թովմասը տարավ եղբորորդուն յուր առանձնարանը և սկսեց հարցուփորձել նրան։

— Ի՞նչպես գտար հարսնացուդ, Պետրե, կարծեմ շա՛տ հավանեցիր, այնպես չէ՞։

— Ինչո՞ւ չէ. լավ աղջիկ էր,— պատասխանեց Պետրոսը, կամենալով նախընթաց ավուր որոշման համաձայն գործել. այսինքն միառժամանակ խորամանկություն բանեցնել, մինչև որ տեսնե, թե բանը ինչո՞վ է վերջանում։

— Լավ աղջիկ լինելուն խոսք չկա. բայց դու ա՛յն ասա, հավանեցի՞ր նրան, թե ոչ։