Խալաթյանի կինն է, մի՞թե ավելի արժանիք կարող էր ունենալ, քան ինչ որ ունի։
— Խալաթյանի կնոջ մասին արդեն դու իրավունք չունիս վատ կարծիք հայտնելու, նա այնպիսի մի կին է, որի նմանները շատ չեն գտնվում մեր ժամանակում, ես հիացած եմ։
— Դուք կարող եք նրանով հիանալ, այդ ձեր իրավունքն է, բայց որ նա ոչնչություն է, այդ ճիշտ է։
— Դու արդեն չափազանցում ես։
— Բոլորովին։
Այդ կինը ստեղծված է միայն նրա համար, որ ուտի, խմի, հագնվի, զարդարվի և առանց մի օգտավետ գործի վերա մտածելու, կամ մի արժանավոր գործով պարապելու, սպանե յուր ժամանակը զբոսանքներով, զվարճություններով և այցելություններով։
— Էլ ուրիշ ի՞նչ ունի անելու։
Փառք աստուծո, նա այնքան հարուստ է, որ ոչ մի բանի վերա մտածելու կարիք չունի։
— Չէ, հորեղբայր, դեռ չէ ստեղծվել այն կինը, որ խելք ունենա և յուր բոլոր ժամանակը անօգուտ զվարճություններով անցնե։ Խելոք կինը, որքան էլ հարուստ լինի նա, դարձյալ շատ գործ ունի շինելու։ Արդեն տանտիկին և մայր լինելը, որից չի հրաժարվել ոչ մի խելացի կին, ինքնըստինքյան մեծ գործ է կնոջ համար։ Որովհետև ոչ մի ծառա, ոչ մի աղախին չեն կարող այնպես հոգալ մի տան օգտի և շինության համար, ինչպես հոգածու և շրջահայաց տանտիկինը․ ոչ մի վարժապետ, ոչ մի վարժուհի չեն կարող այնպես խնամել և դաստիարակել մանուկներին, ինչպես որդեսեր մայրը, որ սովորել է կրթության գործը և անընդհատ պարապում է նրանով։ Հետևապես մի կին, որ այնքան ուշադրություն է դարձնում զարդարվելու ու պչրվելու վերա, որքան Խալաթյանի կինը, նա չէ կարող լավ տանտիկին լինել, մի կին, որ նրա չափ այցելությունների ու զվարճությունների սիրահար է, չէ կարող արժանավոր և ոչ էլ օրինակելի որդիներ դաստիարակել. որովհետև «ոչ ոք չէ կարող երկու տիրոջ ծառայել», ինչպես ասում է Քրիստոսը։ Պարզ է, ուրեմն, որ Խալաթյանի