և այլ մեկենասների փառքը նսեմացնելու և շողոքորթ հեղինակների ներբողականին արժանանալու համար, գրքերի ճակատին իրենց պայծառ անունն ու ազգանունը արձանագրելով…
Բայց ո՞ւր, է ճշմարիտ բարեգործությունը, որ բխում է առաքինի մարդու սրտից, որ կատարում է աջ ձեռքը — առանց ձախի գիտության… Ո՞ւր է ա՛յն բարեգործը, որ բարերարում է ոչ նրա համար, որ յուր առաջ խոնարհեն, որ իրեն փառաբանեն, այլ որ այրին անօգնական չմնա, որ որբը փողոցներում չմուրա, որ ուսումնածարավ երիտասարդը տգետ չմնար, որ կարոտ ընտանիքի մեջ հուսահատություն չտիրե…
Այդպիսի բարերարներ մենք չունենք և գուցե երկար էլ չենք ունենալ, քանի որ նույնիսկ հրապարակախոսի ձայնը խեղկատակ փառամոլների դատն է պաշտպանում…
Այո՛, Պետրե, չպետք է տխրել, ուրեմն, որ հորեղբայր Թովմասը արտաքսում է քեզ յուր տնից՝ յուր անիրավ հրամանին չհնազանդելուդ համար։ Այո՛, նա քեզ պահել, մեծացրել և ուսում է տվել, նա քեզ վերա փողեր է ծախսել, և այդ այն նպատակով, որ դու նրա համար ապրես, նրա՛ խելքով դատես, նրա՛ կամքով գործես։ Իսկ երբ դու համարձակվում ես ապրել իբրև ազատ մարդ, մի՞թե շատ խիստ է երևում քեզ որ նա արտաքսում է ձեզ յուր տնից։ Չէ, սիրելիս, եթե նրա տեսակետով նայես գործի վերա, անշուշտ շատ բնական կգտնես նրա վարմունքը։ Ուրեմն ձեզ մնում է մխիթարվել նրանով,որ գոնե այսուհետև իրավունք ունիք դուք ապրելու և գործելու իբրև ազատ մարդիկ. այս էլ մի բարիք է, որ չպետք է արհամարհել։
— Ես չեմ վշտանում նրա համար, որ հորեղբայրս յուր արած երախտաց փոխարեն անիրավ զոհաբերություն էր պահանջում ինձանից,— պատասխանեց Պետրոսը,— և չեմ էլ տխրում, որ նա իմ ընդդիմության պատճառով արտաքսեց մեզ յուր տնից, նրա վարմունքը շատ բնական էր։ Այսուհետև ինչպես որ էլ լինի, ես կարող եմ ապրել և ապրեցնել ինձ հետ մորս. բայց ես վշտանում և տխրում եմ նրա համար, որ չկարողացա իմ նպատակին հասնել… Այժմ ես զրկված եմ համալսարան գնալու ամեն միջոցներից, որովհետև ունեցած