Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակս ստիպված պիտի լինիմ զոհել իմ և մորս գոյությունը պահպանելու համար… Բայց ես ի՜նչ հույսեր չէի տածում իմ ապագայի համար… Այո՛, կորա՜ վ ամեն բան, կորա՜վ անդառնալի…— Այս խոսքի հետ միասին կարծես Պետրոսը պատրաստվում էր արտասվել, բայց օրիորդի ձայնը կանգնեցրեց նրա արտասուքները։

— Մի՞թե դու այնքան մեծ նշանակություն ես տալիս համալսարանական ուսմանը, որ նրանից զրկված լինելը քեզ համար դժբախտությո՞ւն ես համարում,— հարցրեց Աստղիկը Պետրոսին։

— Իհարկե, քանի՞ փող արժե այն կյանքը, որ գերի է տգիտության… — Շատ անգամ մի ամբողջ հարստություն։

— Ինչպե՞ս. ես չեմ հասկանում։

— Բնական է, որ չհասկանաս, որովհետև դու չես կամենում ապրել այնտեղ, որտեղ հասարակաստեղծ մարդիկն են ապրում: — Դարձյալ չեմ հասկանում, մի՜թե այդքան էլ հպարտ եմ ես։

— Ոչ, դու հպարտ չես, բայց սարսափում ես իրական կյանքին մոտենալ։ Ի՞նչ են անում այն մարդիկը, որոնք ոչ միայն համալսարանական, այլ մինչև անգամ տարրական կրթություն չունին առած, և մի՞թե կարծում ես, թե նրանք շատ դժբախտ են ապրում։

—Ընդհակառակը, հենց տգիտությունն է, որ նրանց կյանքը քաղցրացնում է։

— Ահա՛, դու ինքդ բացատրեցիր իմ խոսքի միտքը, ուրեմն տգիտությունը շատ անգամ մի ամբողջ հարստություն արժե։

— Իհարկե, բայց այն կույրերի համար, որոնք լույսի վերա գաղափար չունին։

— Ով որ մի աչք ունի, նա էլ բավական առատ վայելում է աստուծո ստեղծած լույսը։ Ուրեմն չպետք է դժգոհ լինել բախտից եթե նա երկու աչքից չէ զրկում մարդուն։

— Դու ինձ մեղադրում ես նրա համա՞ր որ ես ավելին եմ պահանջում, քան ինչ որ ունի՞ մ։