— Այո՛, Պետրե, դժգոհությունը դժոխքի բանալին է ով որ գոհ լինել չգիտե, նա միշտ կարոտ կմնա երջանկության. աշխատի՛ր սովորել ունեցածովդ շատանալ և կյանքը կծիծաղե քեզ։ Նրանք, որոնք աշխատում են միշտ ավելին և կատարելագույնը ձեռք բերել, կմեռնին աշխատության ճանապարհի վերա, անծանոթ՛ կյանքի քաղցրություններին… Սովորիր հաշտվել ա՛յն ճակատագրի հետ, որ բախտը սահմանել է քեզ համար, և եթե այդ ճակատագիրը չէ դառնացնում քո կյանքը, մի՛ կռվիր դու նրա հետ…
—Ուրեմն ի՞նչ անեմ ես այսուհետև։
—Ապրի՛ր, ահա՛ բոլորը։
—Բայց մի՞թե ես դրա համար բավական հարստություն ունիմ…
—Այնքան, որ կարող է բավականանալ և նրանց, որոնց դու կկամենաս երջանկացնել քեզ հետ…
—Ես չեմ տեսնում այդ հարստությունը։
—Իսկ նա իմ առջևն է. — երիտասարդ և առույգ հասակ, սրտի և հոգվո կենդանություն, մտքի բավականաչափ զարգացում և այս բոլորին պաշտող մի սիրտ, որ պատրաստ է քեզ համար ամեն զոհաբերության. մի՛թե էլ ուրիշ բան պակասում է քեզ…
Գորովվելով այս խոսքերից, նայեց Պետրոսը յուր սիրուհու աչքերին, որոնք այդ ժամանակ վառվում էին կրկնակի կրակով և նրանց մեջ կարծես յուր մի նոր կյանքի արշալույսը նշմարելով,— ուրախությամբ բացականչեց.
—Այո՛, Աստղիկ, դու ճշմարիտ ես խոսում, ես հարուստ եմ և ինձ կարող են նախանձել մարդիկ, որովհետև դու սիրում ես ինձ և քեզ չեն կարող խլել ինձանից…
—Եթե այդ մեկ հարստությամբը գոնե դու գոհ ես, ուրեմն խոստացիր ինձ այս օրվանից արդեն ամեն բան մոռանալ և ապրել քեզ սիրող սրտերի համար…
Պետրոսը, որ բավական սփոփվել էր սիրուհու խոսքերով, մոտեցավ նրան և խանդաղատանոք նրա ձեռքը բռնելով ասաց.
—Որովհետև իմ այս թշվառ չքավորության մեջ անգամ դու սիրում ես ինձ, ուրեմն էլ ոչ մի ցավ չէ մնում ինձ աշխարհում.