— Դուք ամեն օր վիճաբանում եք միմյանց հետ, սիրելիներս,— խոսել սկսավ տ. Հոիփսիմեն. բայց երբեք չեք խոսում մեր ամենաանհրաժեշտ մի գործի մասին։ Մենք եկանք հիշեցնելու ձեզ ձեր պարտավորությունը։
— Ի՞նչ բան է, մայրիկ, խոսիր տեսնենք,— պատասխանեց Պետրեն։
— Որդի, քո գործն ու դրությունը արդեն որոշվեցավ,— ասաց տ. Հոիփսիմեն,— այժմ փառք աստուծո, դու կարող ես ապրել իբրև ազատ մարդ. այսուհետև ոչ Թովմասը կարող է խանգարել քեզ և ոչ էլ մի ուրիշ արգելք ունիս դու քո առջև։ Երկու տարին անցավ, ինչ դուք նշանված եք և հիմա ժամանակն է, որ դուք պսակվեք։ Որովհետև մենք էլ միայն ձեզնով ենք ուրախ և այսքան ժամանակ չարաչար ձեր ուրախության էինք սպասում, ուստի այժմ եկանք ձեզ հրամայելու, որ վաղվանից արդեն հարկավոր պատրաստությունները տեսնեք և երկու օրից ետ անպատճառ պսակվեք։
Այս հայտարարությունը շատ ախորժալի ազդեցություն արավ երկու սիրահարների վերա էլ, միայն ա՛յն զանազանությամբ, որ Աստղիկը շառագունելով լսեց Հռիփսիմեի առաջարկությունը, իսկ Պետրոսը` ազատ ծիծաղով։
— Իմ կողմից ես պատրաստ եմ,— պատասխանեց իսկույն վերջինս,— Աստղիկի կամքը պետք է հարցնել։
— Աստղիկի կամքը իմ կամքն է,— լրջորեն նկատեց տիկին Եղիսաբեթը. նրա փոխարեն ես տալիս եմ իմ համաձայնությունը։
— Օ՜, դուք քաղցած մարդուն հաց եք առաջարկում. իսկ կույրին` երկու աչք, ի՞նչ հարկավոր է երկար ձևապաշտություն. մենք հենց այս երեկո կարող ենք գնալ եկեղեցի։
— Ոչ․ ես կամենում եմ արժանավայել հարսանիք տեսնել.— նկատեց տ․ Հռիփսիմեն,— աշխարհում միայն մի ուրախություն ունիմ, այն էլ չպետք է թերի ու կիսատ կատարեմ։
— Ես նույնպես համաձայն եմ քեզ հետ,— հարեց տ. Եղիսաբեթը։— Ուրախությունն էլ շնորհքով պետք է կատարել,