Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մելքոն-աղայի տանու քահանան տեր Սարգիս Ալքոյանն էր: Սա շատ երիտասարդ չէր, բայց ծերության կնճիռներ էլ չուներ դեմքի վերա։ Մյուս բոլոր քահանաներից նա տարբերվում էր նրանով, որ արտաքուստ շատ համեստ էր երևում թե՛ գործելու, թե՛ խոսելու և թե՛ մինչև անգամ քայլելու մեջ։ Թեպետ շատ մարդիկ նրա ծուխին չէին պատկանում, բայց շատերը ցանկանում էին նրան իրենց տանու քահանա ունենալ, որովհետև նրա կերպարանքի, հայացքի, ձայնի և նույնիսկ նրա երկար սպիտակախառն մորուքի մեջ ամեն ոք գտնում էր յուր համար մի գրավիշ և դյութիչ բան։ Տեր Սարգիսը բոլորի սիրելին էր, այդ պատճառով տեղական դպրոցների վարչությունն անգամ նրան մշտական կրոնուսույց կարգեց երկսեռ դպրոցների մեջ, իսկ հոգևոր վարչությունը՝ Կոնսիստորիայի անդամ։ Թեպետ տեր հայրը ամեն տեսակ փառքերից փախչող էր, այնուամենայնիվ ս. Սինոդը արժան համարեց նրան, կամիլաֆկայով վարձատրելու յուր հավատարիմ ծառայության համար։ Բայց նա այդ պարգևն էլ ազատ-համարձակ յուր վերա ձգել չէր կարողանում, որովհետև տիրացու Հակոբը զրպարտել էր նրան մի քանի տեղ՝ թե այդ կամիլաֆկան ստանալու համար տեր Սարգիսը ինքը ավելի էր աշխատել, քան թե Կոնսիստորը… Բայց ինչ որ է, մենք իրավունք չունինք մարդկանց գաղտնիքների մեջ թափանցելու. մենք կխոսենք այն բոլորի մասին, ինչ որ հաստատապես գիտենք։

Մի առավոտ Մելքոն-աղան կանչեց տեր Սարգսին յուր մոտ և հայտնելով նրան յուր աղջկա մասին տարածված լուրերի առթիվ մի քանի ճշմարտություններ, պատվիրեց նրան գնալ Պետրոսի մոտ, գործ դնել յուր բոլոր խելքը և ազդեցությունը և համոզել նրան, որ զիջանե յուր հորեղբոր խոստումը կատարելու և Մելքոնի անհուն հարստության պարգևները վայելելու։ Հակառակ դեպքի համար նա պատվիրեց տեր հորը սպառնալ նրան անողոքելի վրեժխնդրությամբ։

Տեր Սարգիսը մտավ Պետրոսի մոտ հենց այն ժամանակ, երբ վերջինս պատրաստվում էր յուր ծխատեր քահանային դիմելու՝ պսակի հրամանագիրը ստանալու համար։