— Ուրեմն ժողովը մերժում է տեր Գարեգինի հոգևոր ատենին ներկայացրած խնդիրը և Պետրոս Մարալյանին հրամանագիր չէ տրվում օր. Աստղիկի հետ պսակվելու,—ամփոփեց նախագահը ժողովի վճիռը և վեր կացավ տեղից:
—«Դժվարին է ընձու փոխել զխայտուց և Եթովպացւոյ՝ զսևութիւն»,— դառնությամբ նկատեց տեր Գարեգինը և զայրացած դուրս գնաց ժողովից:
ԼԱ
ՕՐ. ԱՍՏՂԻԿԻ ՀԱՄՈԶՄՈԻՆՔԸ
Հետևյալ առավոտ տեր Գարեգինը գնաց Պետրոսի մոտ: Վերջինս, որ պատշգամբի վերա մտախոհ անցուդարձ էր անում, հեռվից նկատելով յուր քահանային, անհանգստությամբ ձայն տվեց. —«Հա՛, ի՞նչ լուր ես բերում, տեր հայր, ընդունե՞ց ժողովը մեր խնդիրը…»։
Տեր Գարեգինը հեռվից չխոսեց. երբ բարձրացավ պատշգամբ. ողջունեց Պետրոսին և տխրությամբ պատասխանեց.
— Դու հետաքրքրվում ես, երևի մի ուրախ լուր առնելու հույսով, բայց ես ուրախ լուր չպիտի հաղորդեմ ձեզ։
— Ի՞նչ, մերժե՞ց ժողովը իմ խնդիրը,— սրտատրոփ հարցրեց Պետրոսը։
— Այո՛, մերժեց. բոլորովին մերժեց։
Երիտասարդի գույնը թռավ և գլուխը սկսավ պտտիլ։
— Ներս գնանք, տեր հայր, ես ինձ վատ եմ զգում,— ասաց նա քահանային և երկուսը միասին մտան տուն։
— Այդ ի՞նչ պատահեց քեզ, Պետրե…— ճչաց իսկույն Աստղիկը տեսնելով սիրելուն գունաթափ։
Պետրոսը ոչինչ չպատասխանեց և լուռ ու անձայն նստեց բազկաթոռի վերա:
— Պետրե, երիտասարդ մարդուն վայել չէ այդ թուլությունը, մի՞թե առաջին խոսքից արդեն դու հուսահատվեցիր: